Սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ Արցախյան պատերազմում Թուրքիայի մարտավարական նպատակն իրենց խաղաղապահ ուժերը ռուսական խաղաղապահ ուժերի հետ Արցախի սահմանների ողջ երկայնքով տեղակայելն էր, ինչը ռուսական կողմը թույլ չտվեց:

«Թուրքիայի երկրորդ նպատակը թուրք զինյալների՝ որպես միասնական թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի անդամների տեղակայումն էր, կամ նրանց՝ Արցախի տարածք մուտք գործելու հնարավորությունները մոնիտորինգ անելու պատրվակով: Դա էլ կարծես թե չի հաջողվում», - ասել է թուրքագետը, ապա հավելել, որ նրանք, այդուամենայնիվ, հնարավորությունը ստացան ռուսների հետ համատեղ մոնիտորինգային կենտրոնի մաս կազմելու:

Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի համար բարենպաստ մի քանի հանգամանք է ընդգծել. դրանք են Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը և Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը՝ հօգուտ Թուրքիայի:

«Թուրքիան հնարավորություն է ստանում իր ԶՈւ-ն տեղակայել Ադրբեջանում՝ որպես Արդբրեջանի խնդրանքի բավարարում: Ես սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան արդեն կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում և կսկսի նաև բուն Ադրբեջանի տարածքում տարբեր ռազմական կենտրոններ կառուցել: Չեմ բացառում նաև, որ որոշակի հնարավորություն կստեղծի իր համար՝ մոտենալու Կասպից ծովի ափերին»,-ասել է թուրքագետը: 

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Ավելի քան 37 հազար քաղաքացի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն վերադարձել են Արցախ:

--00—ԼՄ