Չավուշօղլուի, Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները հաստատում են՝ նախապայման է առաջ քաշվում ՀՀ-ի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

նկար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատում են այն միտքը, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Օգոստոսի 23-ին Թուրքական Haber Global հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ, վերջինների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Բացի դրանից՝ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ ողջունելով Արցախի Բերձոր քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի փոխանցումն Ադրբեջանի վերահսկողությանը։

Ըստ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի առջև ոչ թե բանակցային գործընթացի ժամանակ, այլ՝ կողքից հայտարարություններով, որ «անում են բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն։ Դա է ընթացքը, մնացածն արդեն կարևոր չէ»։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Հարցին՝ Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի փոխանցումն Ադրբեջանին, Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, չեն կարո՞ղ կաշկանդող լինել հայկական կողմի համար բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։

«Պայմանավորվածություն կար մինչև օգոստոսի 25-ը հանձնել։ Հիմա Թուրքիայի արտգործնախարարությունն ի՞նչ է ասում, կարևոր չէ», - եզրափակեց ակադեմիկոսը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ