Իրավիճակը Սև լճի, Իշխանասարի ուղղությամբ հանգիստ է, ադրբեջանական կողմը սադրանքների չի դիմել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հասարակական

Իրավիճակը Սյունիքի մարզի Սև լճի, Իշխանասարի ուղղությամբ հանգիստ է, ադրբեջանական կողմը սադրանքների չի դիմել։ Այս մասին 24News-ին հայտնեցին Սյունիքի մարզից։

Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը 24News-ին հայտնեց, որ ձյան պատճառով ադրբեջանական կողմը շարժ (այդ թվում՝ նոր ամրացման, ինժեներական աշխատանքներ) չի փորձել կատարել ո՛չ Իշխանասարի, ո՛չ Սեւ լճի ներխուժած հատվածի ուղղությամբ։ «Հանգիստ է, ձյան պատճառով ոչ էլ ինչ-որ բան են փորձել անել», - նշեց նա։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ինչպես կար, այդպես էլ իրավիճակը մնում է, ադրբեջանցիները Փարուխի շուրջ լարվածության ֆոնին չեն փորձել Սյունիքի ուղղությամբ որեւէ բան անել։ «Սև լճի հարցով զանգեք Գորիսի համայնքապետարան, դա մեր տարածքը չէ», - հավելեց Ղուլունցը։

Նա ասաց, որ տեղեկություն չի ստացել, որ այս ընթացքում ադրբեջանական կողմը փորձի ավելի ամրանալ Սև լճի տարածք ներխուժած հատվածներում։

«Տեղեկություն չունեմ, ձյունը շատ է, մենք չենք գնում, չեմ կարող ոչինչ ասել», - 24News-ին ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Սիսիանի համայնքապետի խորհրդական Աննա Կարապետյանը 24News-ին ասաց, որ այս հարցով պետք է խոսել համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի հետ։ «Ժողովուրդն այս պահին իր նորմալ կյանքով ապրում է, ո՛չ լարվածություն ունենք, ո՛չ խուճապ», - եզրափակեց Կարապետյանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ուղղված զանգերը մնացին անպատասխան։ 

2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը մոտ 3,5 կիլոմետր ներխուժել ու ամրացել է Սև լճի տարածքում, իսկ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական ուժերի միջև բախումներ էին տեղի ունեցել Մեծ Իշխանասար և սարից հյուսիս-արևմուտք ընկած տարածքներում։

--00--ԿԿ