Ի՞նչ է եղել Սյունիքի Սև լիճ կոչվող տարածքում. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

Սև լիճ
24News-ին հայտնի դարձած տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժը գիշերը առաջ է գնացել Սյունիքի Սև լիճ կոչվող հատվածի ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե նոյեմբեր 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն այդ հատվածի մի մասն իրենց է պատկանում։ Ադրբեջանցիները ավելի վաղ չէին շարժվել այդ ուղղությամբ, քանի որ տեղը դժվարանցանելի է, իսկ ձմեռային պայմաններում՝ համարյա անհնար տեխնիկայի համար։

Վերջիններս, սակայն, ոչ միայն մտել են «իրենց պատկանող» տարածք, այլ նաև առաջ գնացել։ Հայկական ստորաբաժանումները մի քանի անգամ մտել են բանակցությունների մեջ՝ պահանջելով հետ գնալ, սակայն ադրբեջանցիներն անդրդվելի են մնացել, որից հետո մեր ստորաբաժանումները բերվել են մարտական ամենաբարձր պատրաստության։

Գործին միջամտել է ռուսական կողմը, ում պատկանող ուղղաթիռներն այս պահին պտտվում են տարածքի վրա, որպեսզի թույլ չտան իրավիճակի լարում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, ռուսական կողմը բանակցում է ադրբեջանցիների հետ, որպեսզի վերջիններս վերադառնան իրենց դիրքեր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, այս ամբողջ ընթացքում մարտական գործողություններ չեն ծավալվել։

--00—ՄՀ