Երևանի կրկեսը վայրի կենդանիներ չունի, նոր օրենքից հետո տնայիններին կներգրավի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

մշակույթ

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում: 

24News-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է օրենքը վերաբերում միայն կրկեսին, և չի արգելվում օրինակ՝ ռեստորանում վանդակում կեդանիներ պահելը:

«Կրկեսը այժմ չի աշխատում, ընդհանուր առմամբ աշխատանքներն ավարտված են, մնում է լուսային, ձայնային տեխնիկա և աթոռներ ձեռք բերվեն: Կառավարությունից խոստացել են, որ մյուս տարվա կեսին կրկեսը կգործի:

Ծրագրել էի կրկեսի բացման օրը Նիկուլինի կրկեսից Կարինե և Արթուր Բաղդասարովներին հրավիրել՝ առյուծներով, վագրերով ներկայացումներ ցուցադրեին, բայց փաստորեն օրենքի ընդունումից հետո չենք կարող, ի՞նչ պետք է անենք, պետք է հարմարվենք»,- նշեց նա:

Պետրոսյանն ասաց, որ իր աշխատանքային բազմամյա փորձից ելնելով վստահ է, որ օրենքը ազդելու է կրկես այցելողների թվի վրա, քանի որ այցելուների մեծ մասը նախընտրում է կենդանիների մասնակցությամբ համարները. «Կենդանավարժությունը կրկեսի ամենասիրելի ժանրերից մեկն է, ծնողները երեխաների հետ տոմս գնելիս հարցնում են, թե ի՞նչ կենդանիներ են ծրագրում լինելու:

Եթե վայրի կենդանիներ թույլ չեն տալիս, մենք էլ տնային կենդանիներ կհրավիրենք, հարցը դա չէ:
Կանադական հայտնի կրկես կա, որը կեդանիներով համարներ չունի, աշխարհում հայտնի է, բայց իրենք եկան ՌԴ, Ղազախստան հաջողություն չունեցան, որովհետև նախկին Խորհրդային երկրներում սիրում են կրկեսի կենդանիներով համարները: Օրինակ՝ Մոսկվայում նման օրենք չկա, պատկերացնո՞ւմ եք Մոսկվայի Նիկուլինի կրկեսն առանց կենդանիների: Երեկ եմ իրենց հետ խոսել, ծրագրում առյուծներով, վագրերով, փղերով, արջերով համարներ են»:

Տնօրենից հետաքրքրվեցինք, կրկեսում կենդանիներ կա՞ն, և օրենքի ընդունումից հետո ի՞նչ պետք է արվեն, պատասխանեց. «Մենք կենդանիներ չունենք, երբ ներկայացումներ են լինում պայմանագրով հրավիրում ենք արտաահմանից գալիս են»:

--00--ԿԿ