Գավառական կրկեսի մենախաղեր է հիշեցնում իշխանության քայլը, սահմանազատում չսկսած՝ տարածքներ են տրվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

Կարևոր է ոչ թե այդ տարածքների մեծությունը կամ փոքր լինելը, այլ նրանց ռազմավարական նշանակությունը։ Երեկվա որոշումով անդառնալի հարված է հասցվում Հայաստանի ողջ անվտանգային համակարգին, Հայաստանի հյուսիսային հատվածը թուլանալու է, մինչդեռ այն ամենաապահով հատվածն էր։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջան- Հայաստան սահմանազատման հանձնաժողովների ձեռքբերած պայմանավորվածությանը։

Միրզոյանի խոսքով, սահմանազատման տարօրինակ գործընթաց է սկսվել, այդ գործընթացի բոլոր նորմերը խախտվում են, սահմանազատումը չի ավարտվել, բայց խոսվում է տարածքներ տալու մասին, բացի այդ, սահմանազատումը պետք է սկսել  այն տարածքներից, որոնք վիճարկելի չեն, բայց հակառակն է արվում։

«Այն, ինչ հիմա կատարվում է, հիշեցնում է գավառական կրկեսի մենախաղեր, անհասկանալի քարտեզներ, քաղաքական գործիչների իրար հակասող հայտարարություններ։ Տխուր ներկայացման վերջին արարում ենք հայտնվել, երբ բոլորի դիմակները բացվել են, հերոսները բացահայտվել են և մենք նստած նայում ենք այդ ամենը։ Այս գործընթացով Հայաստանի մասնատում է իրականացվում»,- ընդգծեց նախկին նախարարը։

Բանախոսի համոզմամբ, որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը, ստանալով այդ չորս գյուղերի տարածքները, կշարունակի գործընթացը։ Շատ հավանական է, որ Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնի և գործընթացը ձգձգի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ