Պապոյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1136268

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ 

Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությանը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման գործում։

Գևորգ Պապոյանը հյուրերին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

--00—ՅՄ