Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ավելի քան 90 հանցագործություն

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 15, 24News
 

դատախազություն

2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ավելի քան 90 հանցագործություն, հարուցվել են 60-ից ավելի քրեական վարույթներ, «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

«Դրանք հիմնականում մարդու, սեփականության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ են, որոնք իրականում մեկ ամբողջությամբ հետապնդում են միասնական նպատակ՝ Արցախի հայաթափում, տարբեր գործընթացներում ճնշում ու բռնության` որպես հարկադրանքի միջոց ցուցադրում»,- անդրադառնալով արցախահայությանն ուղղված ադրբեջանական ագրեսիային ու հանցագործություններին՝ ասել է Արցախի գլխավոր դատախազը։

«Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների սահմանային համայնքների բնակիչները ստիպված դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքներն այն վայրերում, որոնք գտնվում են դրանց հարակից ադրբեջանական մարտական դիրքերի կամ հենակետերի դիտարկման տիրույթում, քանի որ աշխատանքների ընթացքում հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում օդ, աշխատողների և գյուղատնտեսական տեխնիկայի, այգիների ու վարելահողերի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմի քարոզչական, ռազմական, հոգեբանական ու տնտեսական բնույթի սպառնալիքներն ու ահաբեկչական դրսևորումները մշտապես ուղեկցել են արցախահայությանը, տեղ գտել ադրբեջանական կողմի համակարգված գործողություններում՝ 2020թ. նոյեմբեր ամսից սկսած:

Շփման գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից համայնքների ուղղությամբ թիրախավորված և ազատ կրակոցներ արձակելու, գիշերային ժամերին լուսարձակներով համայնքի բնակիչների տները լուսավորելու, գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը խոչընդոտելու սովորական դարձած ամենօրյա դեպքերին վերջին օրերին գումարվել է քարոզչական բնույթի ահաբեկչությունը:

Մի շարք՝ ներկայումս սահմանային համարվող համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից միացվել են տրանսպորտային միջոցի վրա տեղադրված շարժական բարձրախոսներ, որոնցով հայտարարվել են գյուղի բնակիչներին ուղղված տեքստեր՝ «գյուղը լքելու, ադրբեջանական օրենքներին ենթարկվելու, պահանջը չկատարելու դեպքում ուժ կիրառելու» բովանդակությամբ, ինչպես նաև հնչեցվել են կրոնական կամ ծիսական բնույթի երգեր:

Եթե նախկինում հակառակորդը կրակում էր հիմնականում մանր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ապա 2022 թվականի մարտի 7-ից սկսած՝ ադրբեջանական կողմը ահաբեկչական գործողություններին հավելել է բարձր տրամաչափի զինատեսակի կիրառումը: 2022 թվականի մարտի 8-ին Շուշիի շրջանի հատվածում` Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, անհայտ հանգամանքներում պայթել է Հայաստանից Արցախ մատակարարվող գազի միակ խողովակը:

Ադրբեջանական կողմը չի թույլատրել «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների և արցախյան իրավապահների մուտքը վթարի վայր և արգելել է վթարավերականգնողական աշխատանքների կատարումը, որի պատճառով Արցախի ողջ տարածքը զրկվել է բնական գազից», - նշել է Գուրգեն Ներսիսյանը:

--00--ԱՀ