ԵԱՀԿ-ին դիմելն աշխատող միջնորդություն չէ․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

քաղաքական

Պատասխանելու համար, թե ինչ պայմաններով Հայաստանը կհամաձայնի խաղաղության պայմանագիր կնքել Ադրեբջանի հետ, պետք է ունենալ դիվանագիտական գաղտնազերծումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։

Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարծել, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին ու ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքերով՝ առայժմ մամուլում հրապարակված նյութերից հայտնի է, թե ինչ պայմաններ է առաջադրել Ադրբեջանը։ «Եվ մենք տեղյակ չենք՝ Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման ժամանակ արդյո՞ք Թուրքիան պահանջել է Հայաստանից ինչ-որ նախապայմաններ ընդունել։ Հայաստանը երբ դիմել է ԵԱՀԿ-ին՝ ի՞նչ պայմաններով է կարող ստորագրել պամանագիրը։ Ես Ձեզ ասեմ, որ դիմում ԵԱՀԿ-ին, երրորդ կողմի միջնորդություն, չորրորդ կողմի կարծիք, այս բոլորն աշխատող տարբերակներ չեն, որովհետև իրավիճակը տարածաշրջանում, հատկապես ԼՂ-ի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանում որոշում է Ռուսաստանը։ Անվտանգության երաշխավորն էլ է ինքը, խաղաղապահ զորքերն էլ են իրենը»։

Քեռյանը դժվարացավ նշել, թե պաշտոնական Երևանն ինչ պայմաններ առաջարկած կլինի և ինչ պայմաններով կհամաձայնի կնքել խաղաղության պայմանագիր։ «Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը պետք է փակագծեր բացի և ասի՝ ինչ պայմաններ ունի։ Բայց ասեմ, որ Հայաստանի դերը շատ եք ուռճացնում։ Պատերազմից հետո Հայաստանի դերը միջազգային սուբյեկտայնության առումով բավականին իջել է, քանի որ անպաշտպան է, անվտանգային խնդիրներ ունի, ենթարկվում է երկու թուրքական գերհզոր պետությունների ճնշմանը։ Այս առումով եթե Հայաստանը կտրուկ քայլեր կատարի, ցույց տա իր չակերտավոր ինքնիշխանությունը և սեփական որոշումներ կայացնելու կարողությունը, որը եթե ընդունելի չլինի Ռուսաստանի համար, մեզ համար կարող է դառնալ բավականին լուրջ անվտանգային խնդիր»։ 

«Նման լարված իրավիճակում երբ որ կա Արևելքից և Արևմուտքից թուրքական հարվածների վտանգ, պետք է զգույշ լինել, հնարավորինիս չափ գտնել փոխզիջում։ Իսկ թե այդ փոխզիջման սահմանը Հայաստանի ներկա իշխանությունների համար, այդ կարմիր գիծը որտե՞ղ է անցնում, չեմ կարող ասել, որովհետև իրավիճակ է փոխվել։ Այլ իրավիճակ էր 44-օյա պատերազմից հետո, այլ իրավիճակ էր ուկրաինական պատերազմից առաջ, այլ իրավիճակ է հիմա՝ պատերազմի ընթացքում։ Եվ տեսնենք՝ պատերազմն ի՞նչ արդյունքներով կավարտվի, ի՞նչ նոր իրավիճակ կստեղծվի պատերազմից հետո», - եզրափակեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչը։

--00--ԿԿ