«Կյանք ու կռվի» հնչյունների ներքո Արթուր Գրիգորյանին ուղեկցեցին վերջին ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Անվանի երգահան, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին վերջին հրաժեշտը տվեցին ծափահարությունների և «Կյանք ու կռվի» երաժշտության հնչյունների ներքո, որի հեղինակն ու կատարողն էր նա: 

Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է 63 տարեկանում: Արմատներով Արցախից է, ծնվել է Երևանում 1958 թ.–ի հուլիսի 31–ին։

1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։

Իսկ 2001 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ էր, 2009 թվականից՝ խորհրդատու։

Արթուր Գրիգորյանը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Արթուր Գրիգորյանը «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1–ին աստճանի մեդալակիր է։ Նա նաև ԼՂՀ շքանշանակիր է։

--00—ԼՄ