Դատարանն անվավեր է ճանաչել Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետի ընտրության որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Հասարակական

Երևան քաղաքի վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, փետրվարի 2-ին բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների հայցը և անվավեր ճանաչել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու որոշումը, որի համաձայն՝ Ահարոն Խաչատրյանն ընտրվել էր համայնքապետ։ Այս մասին 24News-ին ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Դատարանը բավարարեց ՔՊ-ի ավագանիների՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին հայցը, ավագանու որոշումն անվավեր ճանաչվեց», - նշեց փաստաբանը։ 

Դատական ակտի համաձայն՝ ավագանու նոր նիստ պետք է լինի։ «Բայց դատական ակտն ուժի մեջ չի մտել, որոշումը մոտ օրերս բողոքարկելու ենք, մեկ ամիս ժամանակ ունենք։ Չպատճառաբանված, ապօրինի դատական ակտ էր, մի շարք խնդրահարույց բաներ կային։ Մեզ համար կանխատեսելի էր այսպիսի որոշումը, ի սկզբանե խախտումով, հենց այնպես չէր մակագրվել դատավոր Մերի Համբարձումյանին», - եզրափակեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին 14 մանդատ ունեցող «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների կողմից համայնքապետ է ընտրվել Ահարոն Խաչատրյանը, սակայն մինչ օրս նրան թույլ չի տրվում անցնել իր լիազորությունների կատարմանը։ Մինչ օրս Խաչատրյանին չեն հանձնվել համայնքապետի կնիքը և աշխատասենյակի բանալիները․ ոստիկանությունը «փնտրում է» դրանք։ Հունվարի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները դիմել էին վարչական դատարան՝ չեղարկելու Ահարոն Խաչատրյանին համայնքապետ ընտրելու մասին որոշումը։

--00--ԿԿ