Վարդենիսում ի նշան բողոքի փակել են ճանապարհը. համայնքապետի թեկնածուին են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Վարդենիսի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը։ Նրանք պահանջում են ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին չէր հաջողվել հաղթել ու ստանալ 50+1 վստահության քվե, որի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքը և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը Վարդենիսում կոալիցիոն իշխանություն ձեւավորելու հնարավորություն էին ստացել ու կոալիցիա կազմելու հայտարարություն տարածել ։ Ընտրություններից 4 օր հետո հայտնի դարձավ, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը ձերբակալվել է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ասաց, որ Արամ Հարությունյանին այսօր առավոտյան քննչական կոմիտե են կանչել ու ձերբակալել։ Համայնքապետը կարծում է՝ սա գործող իշխանության ձեռագիրն է, որը փորձում է այսկերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Քանի որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը չի ընտրվել, այսպես են անում։ Ժողովրդի մեջ էլ խոսակցություն կար, որ Գնել Սանոսյանն ասել է, թե երկու օրվա մեջ այդ հարցերը կկարգավորեն, մյուս թեկնածուին կձերբակալեն։ Ճիշտն ասած մենք նրանցից սպասում էինք, որ դա կանեն։ Ինքս էլ վստահ եմ, որ այս ամենը Գնել Սանոսյանի սարքածն է»,-նշեց Հակոբ Ավետյանը։

Նա ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նշում է, որ երեկ քննչական կոմիտե էին հրավիրել իրեն ու նոր գործ հարուցել։

«Ստացվում է՝ մի ամբողջ ժողովրդի ուզում են կոտրեն։ Եթե երկու դաշինք հավաքել է 7000-ից ավել ձայն ու նրանց թեկնածուին ձերբակալում են, այդ մարդկանց ուզում են այսկերպ կոտրեն։ Էլ ինչո՞վ ենք պաշտպանված։ Ո՛չ պոստերն են պաշտպանված, ո՛չ էլ ներսում է պաշտպանված, որ գոնե իմանանք ժողովուրդն այս ծանր վիճակում ընտրության իրավունք ունի»,-նշեց Հակոբ Ավետյանը՝ հավելելով, որ ձերբակալում են այն մարդկանց, որոնք ռազմական գործողությունների ժամանակ առաջինն են համախմբում մարդկանց ու դիրքեր բարձրանում։

Վարդենիսցիներն այժմ փակ են պահում Մարտունի-Վարդենիս ճանապարհը Ծովակի հատվածում։ Նրանց է միացել նաև Հակոբ Ավետյանը։ Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչու են իրենց թեկնածուին ձերբակալել։

 --00--ԿԿ