Վարդենիսում ՔՊ-ն դիմել է դատարան՝ չթողնելով Ա․ Խաչատրյանին կատարել համայնքապետի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Հասարակական

Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը որևէ կերպ չի կարող կասեցնել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի լիազորությունները։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Անցած ուրբաթ ՔՊ ավագանու անդամները դիմել էին դատարան չեղարկելու համար Ահարոն Խաչատրյանին համայնքապետ ընտրելու որոշումը։ «Իրենց առաջին հայցը վերադարձվել է, անցած ուրբաթ օրը նոր հայց են ներկայացրել։ Այսինքն՝ երդման արարողության օրը, որ իրենք ասում էին վարույթ ընդունված հայց կա, սուտ էին խոսում։ Վարույթ ընդունված հայց չկար այդ ժամանակ։ Նորից դիմել են, հայցն ընդունվել է վարույթ։ Իրենց հայցը չի կարող կասեցնել համայնքապետի լիազորությունները։ Իրենք ասում են, որ «մենք վիճարկման հայց ենք ներկայացրել դատարան, ավագանու թիվ 1 որոշումը (Ահարոն Խաչատրյանին համայնքապետ ընտրելու մասին) վիճարկում ենք»։ Վկայակոչում են Վարչական դատավարության 83 հոդվածը, բայց հաշվի չեն առնում, որ վարչական դատավարարության 83 հոդվածը նաև ուրիշ բան է ասում։ Ասում է՝ «վիճարկման հայցով չի կասեցվում ակտի գործողությունը, եթե վիճարկման հայցը ներկայացրել է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը, ու հասցեատիրոջ համար դա բարենպաստ վարչական ակտ է», - պարզաբանեց Վարազդատ Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ տվյալ ապարագայում հայցը ներկայացրել են այդ որոշման հասցեատեր չհանդիսացող ՔՊ-ական ավագանիներ, այսինքն՝ իրենց հասցեագրված չէ, իսկ հասցեատիրոջ՝ Ահարոն Խաչատրյանի համար բարենպաստ վարչական ակտ է, օրենքի ուժով չէին կարող կասեցվել նրա լիազորությունները։ 

Հարությունյանն  ասաց, որ ՔՊ ավագանու անդամները պետք է առանձին միջնորդություն ներկայացնեին, ասեին՝ «Կասեցրու», դատարանն էլ որոշում կայացներ՝ կասեցնո՞ւմ է, թե՞ ոչ, և որ հիմա ՔՊ-ականներն ապօրինի կերպով համայնքապետի կնիքը, աշխատասենյակի բանալիները չեն տալիս։ «Աշխատակազմի քարտուղարն ասում է՝ ինձ մոտ չէ, ինձ չեն տվել։ Չգիտեմ՝ [ՔՊ-ական Արամ Մելքոնյանը]  համայնքապետի կնիքն օգտագործե՞լ է Ահարոն Խաչատրյանի լիազորությունները ստանձնելուց հետո, թե՞ չի օգտագործել, կամ աշխատանքային ինչ-որ պարտականություններ իրականցրե՞լ է, թե՞ ոչ։ Դա կպարզվի, ու եթե պարզվի, արդեն դրա համար հետագայում գնահատական կտանք», - եզրափակեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին 14 մանդատ ունեցող «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները միավորվել ու ավագանու նիստում Խաչատրյանին էին ընտրել որպես համայնքապետ:

--00--ԿԿ