Ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի․ Սուրենյանցը՝ Վարդենիսի համայնքապետի թեկնածուի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Ակնհայտ է, որ այդ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի, որովհետև հաջորդեց համայնքային իշխանություն ձևավորելու մասին հայտարարությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Վարդենիսում քննչական կոմիտեի կողմից «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Հարությունյանի ձերբակալությանը։

«Դեմոկրատական այլընտրանք» և «Համերաշխություն» կուսակցություններից է կազմված Վարդենիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ահարոն Խաչատրյան» դաշինքը։ Համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 6162 քվե (46․11%), «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2206 քվե (16․51%), իսկ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4993 (37․36%)։ Դեկտեմբերի 7-ին «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն ստորագրեցին:

Սուրենյանցի խոսքերով՝ սա դասական օրինակ է, երբ իրավապահների միջոցով փորձ է արվում ոչ ցանկալի կոալիցիաները կամ դաշինքները սրբագրել։ «Իրադարձությունների հաջորդականությունն այսքան պատահականություն չի կարող լինել», - ընդգծեց  «Դեմոկրատական այլընտրանք»-ի ղեկավարը։

Հետագա գործողությունների մասով քաղաքական գործիչը նշեց․ «Գործընկերների հետ կզրուցենք, կկողմնորոշվենք, եթե քաղաքական աջակցության կարիք լինի, անշուշտ կստանան»։ 

«Մարդկանց, որոնց մենք առաջադրել ենք, սկզբունքային մարդիկ են, չեմ կարծում՝ ճնշումներին տրվեն, մյուս դաշինքի մասով նման պատասխանատվություն չեմ ստանձնի», - եզրափակեց Սուրենյանցը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մանրամասներ չասաց ձերբակալության մասին՝ նշելով, որ ՔԿ-ն մանրամասն հայտարարություն կտարածի։

--00--ԿԿ