Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի իրավական պետության բաղադրատարերի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.

«Այս պահին Վարդենիսում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարական և իրավական պետության բաղադրատարերի հետ: Այսօր Վարդենիսի ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, բայց չի հաջողվում:

Առավոտից Վարդենիսում իշխանությունն օգտագործում է ժողովրդի կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ ճնշման մի ամբողջ գործիքակազմ։ Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների ենք ականատես լինում, բերման են ենթարկվել ավագանու անդամներ, խոչընդոտվում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը և այսպես շարունակ։ 

Ինչո՞ւ, որովհետև իշխող ՔՊ-ն չի հավաքել 50% +1 ձայն... Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները իրենց կամքով ընտրել են հպարտ ավագանիների։ 

Մի՛ խոչընդոտեք ավագանիների իրավունքների իրացմանը, մի՛ ոտնահարեք ժողովրդավարական արժեքները, հիշե՛ք՝ քաղաքացին է տերը մեր երկրի, և որևէ մեկդ հավերժական չեք:

Հ. Գ. Ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը»:

 

--00--ԱԹ