Կապանում գլխի և պարանոցի մարմնական վնասվածքներով կնոջ դի են գտել․ սպանության կասկածյալը որդին է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տվյալների 2021 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում առկա է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին` մեջքի վրա պառկած դիրքով, հայտնաբերել է գլխի շրջանում ակնհայտ մարմնական վնասվածքների տեղակայումներով՝ նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին:

Նախնական զննությամբ, բացի գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներից, արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի պարանոցի առաջային մակերեսին:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի՝ 1979 թ. ծնված որդին է: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ