ՌԴ-ն վարում է քաղաքականություն, որը դեմ է որևէ օտար արժեքների, քաղաքական վերաբերմունքի պարտադրմանը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

կոպիրկին

Հայ-ռուսական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ա.Կյուպելյան.
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների թվում կան բազմաթիվ ուսանողներ, այդ թվում՝ ծանր վիրավորներ։ ՀՌՀ-ն ունի նման ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր, որը ուսանողական խորհուրդը կցանկանար ընդլայնել ռազմական գործողությունների մասնակիցների հետագա սոցիալական ինտեգրման համար (օրինակ՝ կազմակերպել ՏՏ ոլորտի դասընթացներ, լեզուների խորացված ուսումնասիրություն, ֆինանսավորել որոշ բժշկական ծառայություններ և այլն): ՀՀ-ում ՌԴ դեսպանին այսօր մեկնարկած «Новое поколение 2021» հոբելյանական ֆորումի ընթացքում հարց ուղղվեց` հնարավո՞ր է մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ռուսական կողմին՝ ի դեմս Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան և Հայաստանի տարածքում գործող այլ կառույցների, նյութական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նման մարդասիրական ծրագրերին։

«Ինչպես արդեն նշել եմ, ռուսական կողմը շատ է կարևորում, որ բարեկամ Հայաստանի քաղաքացիները հնարավորինս արագ հաղթահարեն պատերազմի պատճառով առաջացած սթրեսը և վստահություն ձեռք բերեն ապագայի նկատմամբ։ Ռուսաստանը, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, լուրջ ջանքեր է գործադրում մեր խաղաղապահ զորախմբի գործողության գոտում կայունություն ապահովելու, խաղաղ կյանքը վերականգնելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ մարդասիրական բաղադրիչը մեր առաջնահերթություններից է։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ հաջորդող նախաձեռնությունները, անկասկած, արժանի են ուշադրության։

Եթե լինեն կոնկրետ առաջարկներ (նախագծեր, ստարտափներ և այլն), որոնց իրականացման մեխանիզմները մանրամասն ներկայացված կինեն, անկասկած, հնարավոր կլինի դրանք մանրակրկիթ քննարկել մասնագետների, մասնագիտացված պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»,- նշել է դեսպանը: 

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Մ.Սաղաթելյանը նշել է.

«Վերջին տարիներին նկատվում է Հայաստանում այսպես կոչված «արևմտյան ազատական արժեքները» քարոզող հայ հասարակության համար կործանարար ուժերի ազդեցությունը, ինչը, մեր կարծիքով, հղի է ամենաբացասական հետևանքներով: Այսօր ԶԼՄ-ները ու տարբեր վերլուծաբանները նշում են արևմտյան կենտրոնների կողմից վերահսկվող նման գործընթացների ակտիվացումը։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում, և ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար»։

Դեսպանը պատասխանել է, որ լիովին կիսում է նրա մտահոգությունը։

«Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հայտնի տխրահռչակ օրինակներով մենք հեշտությամբ կարող ենք պատկերացնել, թե ինչ գին են վճարում այն պետությունները և ժողովուրդները, որոնք դարձել են «դեմոկրատիզատոր»-նեոլիբերալների ագրեսիվ էքսպանսիայի օբյեկտ: Այս հարցերը շատ արդիական են մեր երկրների համար։

Կցանկանայի ուշադրություն հրավիրել ռուսական փորձի վրա։ Կարծում եմ՝ դուք գիտեք, որ 2020 թվականին Ռուսաստանում անցկացվել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Ռուսաստանի Հիմնական օրենքում ընդունված փոփոխությունները լուծում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության նոր պայմաններով թելադրված մի շարք խնդիրներ։ Դրանք ուղղված են պետականության ամրապնդմանը և ապագայում Ռուսաստանի հետևողական զարգացման համար առավելագույնս հարմար պայմանների ստեղծմանը։

Մասնավորապես՝ իրավական սոցիալական պետության զարգացմանը, որտեղ բարձրագույն արժեքը քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն են, մարդու արժանապատվությունն ու բարեկեցությունը։ Մեծ նշանակություն ունեն նաև փոփոխությունները, որոնց նպատակն է պաշտպանել պատմական ճշմարտությունը, պահպանել մշակույթը որպես մեր երկրի եզակի ժառանգություն, ինչպես նաև ամրապնդել Ռուսաստանի ավանդական արժեքային հիմքերը։ Այն արժեքների, որոնք, ինձ թվում է, ռուս ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի հետ, քանի որ մենք նույն աշխարհայացքային դիրքերում ենք։

Ցանկացած պետությունում, իմ կարծիքով, արժեհամակարգը հանդես է գալիս որպես հասարակության յուրատեսակ հոգևոր հիմք, ինչպես նաև ձևավորում է կյանքի ուղենիշները։ Հենց այս հիմքն է հնարավորություն տալիս պահպանել և ամրապնդել պետության ինքնիշխանությունը և ապահովել կայուն զարգացում։

Ռուսաստանի Դաշնությունը վարում է քաղաքականություն, որը դեմ է որևէ օտար արժեքների և քաղաքական վերաբերմունքի բռնի պարտադրմանը, առավել ևս, որ նման պարտադրման հետևում, հաճախ գեղեցիկ կարգախոսների ներքո, միշտ ինչ-որ մեկի եսասեր աշխարհաքաղաքական և տնտեսական շահերն են: Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով միօրինակության, այլ պաշտպանում է մշակույթների ու քաղաքակրթությունների բազմազանությունն ու ներդաշնակությունը»,- ասել է նա:

«Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության հիմնադիր Տ.Օգանեսյանի հարցին` հնարավո՞ր է ստեղծել ռուս-հայկական երիտասարդական կենտրոն, որը կլինի հասարակական, անկախ և ոչ քաղաքական կազմակերպություն, բայց կստանա աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, երկու պետություններից, Կոպիրկինը պատասխանել է.

«Ռուսական մասնագիտացված կառույցները, այդ թվում՝ Ռոսսոտրուդնիչեստվոն, մշտապես մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Սա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Նման հարցերում գլխավորը մտածված կոնկրետ առաջարկներն են։ Եթե   դրանք լինեն, ապա նման երիտասարդական կենտրոն ստեղծելու հեռանկարները կարող են ավելի առարկայական քննարկման դրվել՝ մեր երկրների շահագրգիռ կառույցների ներգրավմամբ»։

Եվրասիական երիտասարդական վեհաժողովի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայ-ռուսական երիտասարդական միության համանախագահ Ռ.Պողոսյան.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում իր ելույթում պաշտպանել է 2022 թվականը Ժողովրդական արվեստի և ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության տարի հռչակելու գաղափարը։ Հարցին` այս համատեքստում նախատեսվու՞մ են միջոցառումներ, այդ թվում՝ երիտասարդության ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում, նա պատասխանել է.

«Մինչ օրս մշակման փուլում է գտնվում Ժողովրդական արվեստի և ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության տարվա ծրագիրը։ Այդ Տարվա շրջանակներում միջոցառումներ, որքան հասկանում եմ, նախատեսվում է անցկացնել տարբեր երկրներում։ Վստահ եմ, որ նրանց թվում կլինի նաև Հայաստանը։
Միևնույն ժամանակ, հայ-ռուսական հարաբերությունների համար 2022 թվականը նշանակալից է նաև մեկ այլ պատճառով՝ հաջորդ տարի մեր երկրները նշելու են դիվանագիտական   հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այսօր երկու երկրների արտգործնախարարությունների հովանու ներքո մշակվում է միջոցառումների լայն ծրագիր, որն ամբողջությամբ կարտացոլի նշված հոբելյանների նշանակությունը։ Մասնավորապես, հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվում է ստորագրել 2022-2025 թվականների մշակութային համագործակցության միջգերատեսչական նոր ծրագիր, որի առանցքային միջոցառումներից են լինելու Ռուսաստանի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը Ռուսաստանում։ Մեր դիվանագիտական   հարաբերությունների տարեդարձին կանցկացվեն նաև երիտասարդական միջոցառումներ»։

«Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության կամավոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Դ. Սիմոնյանը դեսպանից հետաքրքրվել է.

«Դուք ունե՞ք կարգախոս, և ինչպե՞ս կբնութագրեք այն առաքելությունը, որն իրականացնում եք Հայաստանում՝ առանց դիվանագիտական, պաշտոնական բառապաշարի, այլ երիտասարդությանը մոտ և հարազատ լեզվով»։

«Հայաստանում որպես Ռուսաստանի դեսպան իմ աշխատանքը կատարում եմ՝ հիմքում դնելով  այն գաղափարը, որ իրականում մեր երկրներն ու ժողովուրդները միմյանց կարիքն ունեն։ Դրա մասին է վկայում մեր հարաբերությունների դարավոր պատմությունը։ Ես իմ առաջնային խնդիրը տեսնում եմ նրանում, որ այդ կապերը չթուլանան և օգնեն բարելավել մարդկանց կյանքը»,- ասել է դեսպանը։

«Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության կամավոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Ս. Կոստանյանի հարցին` «Կյանքում ի՞նչ սկզբունքներ ունեք, և արդյո՞ք ստիպված եք եղել դրանք խախտել Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում», Կոպիրկինը պատասխանել է.

«Եթե կարճ ձևակերպեմ, ապա կարծում եմ, որ բոլոր սկզբունքների հիմքում պետք է դոմինանտ տեղ զբաղեցնի խիղճը, այդ թվում՝ մասնագիտական գործունեության շրջանակներում։ Ես փորձում եմ այն չխախտել»։

«Բիլ.Արմենիա» երիտասարդական կազմակերպության կամավոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Մ. Կարախանյանը դեսպանին խնդրեց իր խորհուրդը տալ երիտասարդներին:

«Չէի ցանկանա երիտասարդներին ծանրաբեռնել խորհուրդներով: Ամեն մեկն իր ճանապարհով պետք է գնա։ Բայց եթե ես որևէ բան խորհուրդ տամ, դա կլինի հետևյալը. հարգանքով վերաբերվեք ինքներդ ձեզ, ուրիշներին և ձեզ շրջապատող աշխարհին»,- ասաց Կոպիրկինը:

--00--ԱԹ