Ադրբեջանը չի համաձայնի դատական պրոցեսով սահմանազատման

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

85

Հարավային Կովկասի, հայ-ադրբեջանական, հայ-թաթարական, 1905-2021 թվականների պատմությունը ցույց է տալիս, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն առաջնորդվում ենք ոչ թե քարտեզներով, այլ ուժերով, այսինքն՝ որքան ուժդ պատում է, այդքան պահում ես։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քարտեզներով պետք է առաջնորդվել սահմանային դեմարկացիա, դելիմիտացիա անելու համար, որն ինչ-որ չափով ընդունելի կլինի նաև ադրբեջանական կողմի համար։

«Ըստ էության 2 կողմերն էլ չեն առաջնորդվել և հիմա էլ չեն առաջնորդվում քարտեզներով, և հետևաբար ես չեմ կարծում, որ հայկական կողմը և հատկապես ադրբեջանական կողմը հակված են այդ քարտեզներով առաջնորդվելուն։ Ադրբեջանը որքան հնարավորություն ունեցավ, մխրճվելու է մեր տարածք», - ընդգծեց Գևորգ Մելքոնյանը։

Նոյեմբերի 10-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոյանն ասել էր, որ նույն օրն ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է գիշերը 12։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում (21 կիլոմետր) մաքսակետեր է տեղադրելու և սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնելու մասին։ ԱԽՔ-ը նշել էր, որ Հայաստանի քաղաքացիները որպես այլընտրանքային կարող են օգտագործել Տաթև-Կապան ճանապարհը։

Հաջորդ օրը՝ կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը սկսել է Գորիս-Կապան ճանապարհի «Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ», և որ հայկական կողմը ծանուցում է ստացել ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից։

«Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ատվոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ», - նշել էր նա՝ հավելելով, որ հայկական կողմից հսկության իրականացման արգելքի գինը կարող էր լինել «միջանցքային տրամաբանությունը»։

Նշենք սակայն, որ Տաթև-Կապան ճանապարհը ամբողջովին չի համապատասխանում պահանջմունքներին, և լուրջ խնդիրներ են առաջանում թե՛ բնակիչների, թե՛ բեռների տեղափոխման համար։

Օգոստոսից Ադրբեջանն արդեն մաքսատուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածով անցնող իրանցի վարորդներից։

Ըստ պատմաբան Գևորգ Մելքոնյանի՝ Հայաստանի տարածքն այնքան փոքր է, որ յուրաքանչյուր բարձունքի, յուրաքանչյուր մետրի զիջումը Հայաստանի համար կարող է ունենալ ճակատագրական, ռազմավարական, անվտանգային և այլ նշանակություն։

«Ադրբեջանն այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությամբ վերահսկողություն է կատարում Հարավային Կովկասի գրեթե բոլոր կոմունիկացիաների վրա, որոնց նկատմամբ այս պահի դրությամբ կարողանում է ազդեցություն ունենալ։ Սյունիքի այդ փոքրիկ 21 կիլոմետրանոց հատվածը միայն այդ 21 կիլոմետրանոց հատվածի խնդիրը չէ, ինչպես ներկայացնում են մեր հասարակությանը, այլ ընդհանուր այդտեղ աշխարհաքաղաքական մեծ խնդիր կա․ Ադրբեջանն ըստ էության դառնում է տարածաշրջանում փոքրիկ տերություն, որը կարողանում է վերահսկել և՛ իր, և՛ հարևան Հայաստանը սնուցող տրանսպորտային արտերիաները։ Եվ սա, ըստ էության, Ադրբեջանին տալիս է ավելի ուժեղանալու, ավելի հզորանալու նոր հնարավորություն և, իհարկե, նաև հնարավորություն՝ ազդելու Իրանից մինչև Հնդկաստան, մինչև Չինաստան բեռնափոխադրումների վրա», - ընդգծեց նա։

Մելքոնյանն ասաց, որ՝ սա միայն ճանապարհի, 2-3 գյուղի խնդիր չէ, ավելի շատ հարավից հյուսիս գնացող կոմունիկացիաները վերահսկելու փորձ է։

«Իսկ ինչ վերաբերում է քարտեզներին, ապա պարզ է, որ հայկական կողմը փորձում է առաջնորդվել 1926 թվականի քարտեզներով, բայց 1926 թվականի քարտեզներում էլ ևս այս հատվածը եղել է հայկական կողմում, այնուհետև այդ տարածքները որպես արոտավայր «հանձնվել են» Ադրբեջանին։ Եվ, ըստ էության, փոքր-փոքր, արոտավայրերի անվան տակ տարիների ընթացքում եկել-եկել, մնացել և ամայացել են։ Տավուշի մարզի անկլավները նույնպես այդպես են առաջացել։ Այդ քարտեզներով, երբ որ մենք առաջնորդվում ենք, այդ ճանապարհի մի զգալի հատված մնալու է մեր տարածքում, բայց ես հաստատ համոզված եմ, որ ադրբեջանական կողմն անգամ այդ քարտեզները հանելուց հետո ոչ մի քայլ չի նահանջելու, մինչև ռեալ միջազգային ճնշում չլինի։ Կա՛մ մինչև ուժային միջոցով չճնշվի, զորքը հետ չի քաշելու», - ընդգծեց պատմաբանը։

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Խզմալյանի խոսքերով՝ միջազգային իրավունքի տեսանկյունից սխալ քայլ էր ընդհանրապես դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ընդունել Ադրբեջանի տարածքային հավակնումներն այն տեսքով, որով կային, «այսինքն՝ ինչ-որ պայմանական, հօգուտ Ադրբեջանի գծված քարտեզների տրամաբանությամբ շարժվելը, անտեսելով Առաջին հանրապետության սահմանները, որոնցով Հայաստանը օկուպացված է եղել 1920 թվականին։ 

«Ու այդ տեսանկյունից Ադրբեջանի իրավունքներն այդ տարածքների նկատմամբ ընդունելը անշուշտ մեծագույն սխալ էր միջազգային իրավունքի տեսանկյունից։ Հիմա դա որքանո՞վ էր անհրաժեշտ դիվանագիտորեն, անվտանգային նկատառումներից, ցավոք բավարար ինֆորմացիա մեզ չի բացահայտվում, որպեսզի դատենք՝ որքանով է դա խուսափելի կամ անխուսափելի։ Բայց մյուս կողմից եթե դա ընդունում ենք որպես եղելություն, որ սխալն արդեն կա, որը փաստացի Հայաստանի ղեկավարությունն ընդունում է որպես Ադրբեջանական տարածք, այլևս Հայաստանը չի կարող առարկել սահմանային, մաքսային վերահսկողությանն այդ տարածքում, քանի դեռ չկա երկկողմ համաձայնագիր, որը կբացառի մնան վերահսկողությունը», - ընդգծեց իրավաբանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիների իրավունքներին, ապա Խզմալյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից կանոնավոր կերպով սեփականության, կյանքի իրավունքի խախտումներ են լինում։

«Եվ այդ համատեքստում, իհարկե, Հայաստանը պետք է պնդի, պահանջի և ստանա անհրաժեշտ երաշխիքներ իր քաղաքացիների ազատ տեղաշարժի և դրա հետ կապված այլ իրավունքների ապահովման առումով, որոնք այսօր չկան։ Բայց ցավոք իրականությունն այն է, որ եթե ընդունում ենք տարածքի նկատմամբ տիտղոս, ապա պետք է նաև ընդունենք իրավասությունը սահմանային վերահսկողության վերաբերյալ»։

Հարցին՝ ի՞նչ միջազգային դատարան է հնարավոր դիմել դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերով, և ի՞նչ քարտեզներով է Հայաստանը կարող շահեկան դիրքով դուրս գալ այս հարցերում, միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց, որ սահմանազատման հարցով դատավարություն իրականացնելու իրավասություն ունի Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանը, բայց եթե երկու կողմերն էլ համաձայնեն։

«Բայց ես չեմ կարծում, որ այսօր իրատեսական է մտածել, որ Ադրբեջանը կհամաձայնի դատական պրոցեսով սահմանազատման։ Իրենք փորձում են ուժային ճնշման միջոցով սահմանազատումն անել իրենց համար բարենպաստ պայմաններով։ Բնական է, որ դատական քննության դեպքում այդքան շահեկան չեն լինի իրենց դիրքերը։ Ըստ այդմ, իրական շանս դատական ատյանով սահմանազատման հասնելու, ես այս պահին չեմ տեսնում», - եզրափակեց Արա Խզմալյանը։

--00—ԼՄ