Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Շիրխանյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել «Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին։

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Շիրխանյանն ուղեղի կաթված է ստացել, ինչով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստերին։ Նախորդ դատական նիստին Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ Շիրխանյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, դրական դինամիկան դանդաղ է ընթանում։ Նկատի ունենալով, որ Շիրխանյանն առողջական վիճակով պայմանավորված չի ներկայանում դատական նիստերին, իսկ նրա բացակայության պայմաններում նիստերը պարբերաբար հետաձգվում են, ուստի՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու համար դատարանը դեռևս նախորդ դատական նիստին բարձրացրել էր Շիրխանյանի մասով քրեական գործից մաս անջատելու, ինչպես նաև՝ փորձաքննություն նշանակելու հարցը քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության մասին։ Քննարկման առարկա է դարձվել նաև դատական նիստերի հետաձգման հարցը՝ մինչև Շիրխանյանի առողջական վիճակի բարելավումը։ Այսօր կայացած դատական նիստին դատարանը որոշում է կայացրել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստը հետաձգվեց այնքան ժամանակով, քանի դեռ չի ստացվել փորձաքննության եզրակացությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։ Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալներն են՝ Արթուր Վարդանյանը, Անտոն Թոթոնջյանը, Վահան Շիրխանյանը. Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Ասյա Մկրտչյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը։

--00--ԱՀ