Գեղամ Նազարյանի նկատմամբ ՀՔԾ-ն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

Գեղամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բացատրություն տալու։ Գեղամ Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Նշենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով քպական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիր պատգամավորների վրա ու նպատակային հարվածներ հասցրել։ Գեղամ Նազարյանը վնասվածք էր ստացել աչքի շրջանում, տեղափոխվել բժշկական կենտրոն։

«Մի քանի հոգի իրար գլխի լցված էին, շատ մեծ ջանքեր գործադրելով՝ պոկում էի միմյանցից, մեկին պոկելուց հետո երբ շարժվեցի մյուսների ուղղությամբ, միտումնավոր մեկը հարվածեց: Անկեղծ ասած, հարվածողի դեմքը լավ հիշում եմ, բայց անուն-ազգանունը չգիտեմ: Ընդ որում, ինքը դեմ դիմաց ինձ նայեց ու հարվածեց, ես չէի սպասում, որ կանի նման բան, որ իմանայի, գոնե ինձ կպաշտպանեի, բայց, փաստորեն, նման բաներ էլ են լինում: Հարվածելու ընթացքում պատգամավորների մի մասը փորձում է կանխել՝ բռնում են իրար, քաշքշում, բայց նաև մտածված գալիս, հարվածում են »,- պատմել էր Նազարյանը։

Նույն միջադեպի ժամանակ քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին, հարվածներ են հասցվել նաեւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին, պատգամավոր Արթուր Ղազինյանին։

Դրա նախորդ օրը ԱԺ-ում բռնություն էր գործադրվել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ պատռելով նրա վերնաշապիկը։

Նկատենք, որ իշխանական պատգամավորներն ու ԱԺ-ում հերթապահություն իրակւանացնող զինվորական համազգեստով իրավապահներն իրենց սանձարձակ ու խուլիգանական արարքներ էին թույլ տալիս, երբ ԱԺ նիստերի դահլիճում էր գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու կառավարության ծրագիրը։

--00—ՄՀ