Կութում փամփուշտները տների տանիքներին են դիպել․ մի քանի րոպե կրակել են գյուղի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Կութում այս պահին իրավիճակը կայուն է, կրակոցներ այսօր չեն ել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Նա նաև նշեց, որ երեկ կրակոցների հետևանքով փամփուշտները գյուղացիների տների տանիքներին են դիպել, այնուամենայնիվ, գյուղում խուճապ չկա։

«Չեմ ասում ուրախանում են թուրքերին տեսնելուց, բայց խուճապ էլ դեռ չկա»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 16-ին, ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։

Ավելի ուշ՝ ժամը 18։10-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն 3 զոհ և վիրավոր:

Երեկ՝ երեկոյան, կրակոցների պատճառով Սոթքի հանքից տարհանվել էր նաև գիշերային հերթափոխը, առավոտյան նրանք վերադարձել են աշխատավայր, սակայն ավելի ուշ «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը 24News-ին հայտնել էր, որ հակառակորդը շարունակում է անկանոն կրակել հանքավայրի ուղղությամբ, ուստի աշխատակիցները կրկին տարհանվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ