Էջմիածնում տարեց տանտերերին դանակահարած անձը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

քաղաքացի

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ՔԿ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիրի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Արման Մ-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Ադրինե Ղուկասյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Մ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ 

Կայքի տեղեկություններով՝ Արման Մ-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են հետազոտման փուլում։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորներն են Էջմիածին քաղաքի բնակիչներ՝ 72-ամյա Շողակաթ Գրիգորյանը և 64-ամյա Սարգիս Մինասյանը։ Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերել, ինչի շնորհիվ հնարավոր էր եղել նրանց կյանքը փրկել, Էջմիածնի ոստիկանները պարզել էին, որ նշված անձանց հիվանդանոց էին տեղափոխել Թամանյան փողոցի 20Ա տնից։

--00--ԱԹ