Անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի. ԵՊՀ ռեկտորի նոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ն:

Հովհաննես Հովհանիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵՊՀ ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է 3 անդամից:

Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ռեկտորի նախկին ժ.պ. Գեղամ Գևորգյանին:

 «Ավելի քան երկու տարի, ինչ որպես ռեկտոր, միասին աշխատել ենք: Հեշտ ժամանակաշրջան չի եղել համալսարանի համար: Մենք հաղթահարեցինք համավարակ, պատերազմ, որոնց հետևանքները, սակայն, մինչ օրս առկա են: Համալսարանը կայունություն դրսևորեց, պատվով հաղթահարեց ու դեռևս շարունակում է լուծել առկա խնդիրները:  Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը՝ շեշտելով, որ վերջինս տիրապետում է կրթական համակարգի նրբություններին և հստակ տեսլական ունի ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ:

ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ այս հանդիպումից զատ՝ նախատեսում է հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել բուհի յուրաքանչյուր դեկանի, ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ հասկանալու առկա խնդիրները:

«Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, որը զերծ է քաղաքական որևէ երանգից: Ես նույնպես ապաքաղաքական եմ, ուստի անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի: Բնականաբար, ես միայնակ չեմ կարող բարեփոխումներ իրականացնել, դա համար յուրաքանչյուրն իր քննադատությամբ ու խորհուրդներով պետք է նպաստի այդ գործընթացին՝ ի շահ համալսարանի ու պետության: ԵՊՀ-ն պետք է առաջամարտիկ լինի՝ իր հետևից տանելով ամբողջ կրթության համակարգը: Այդ տեսանկյունից բավականին գործ կա անելու: Ես մոտավոր ծրագիր եմ կազմել ինձ համար, թե ինչպես ենք դա անելու: Այն դեռ կքննարկեմ բոլորիդ հետ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, իսկապես, ռեֆորմիստական է, ուստի հույս ունի, որ այն կընդունվի:

Վահրամ Դումանյան համալսարանականներին հիշեցրեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը ժամանակավոր պաշտոնակատար է, առաջիկայում նախատեսվում է իրականացնել ռեկտորի ընտրության մրցույթ:

Հիշեցնենք, որ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարի հրամանով օրեր առաջ ձևավորվել է ԵՊՀ ժամանակավոր խորհուրդ, որը կատարում է այն նույն լիազորությունները, ինչ Հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը:

--00—ՄՀ

Տեսանյութեր