Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Կառավարության մոտից այսօր` հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին 24News-ին հայտնեց  ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման  182-րդ հոդվածի պահանջները չկատարելու` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար»,-ասաց նա: 

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:         

Նշենք նաև, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են ոստիկանության ծառայողները կատարում ՀՀ Կառավարության շենքի մոտ: Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ  և Տարոն Ղազարյանին, Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին, ովքեր փորձել են խաղաղ ակցիա անցկացնել: