ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը». ի՞նչ գործ են նրանք անում ատոմակայանում. «ՀՀ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

հաէկ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական ատոմակայանում շարունակվում են ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ -2021) աշխատանքները։ ՀԱԷԿ-ում են ռուսական «Գազպրոեկտ» («КТПИ «Газпроект») եւ ուկրաինական «Գրոսս» (ФПК «Гросс») բաց բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները։

Հատկապես ի՞նչ գործ են նրանք անում ատոմակայանում. «ՀՀ»-ն փորձեց ճշտել ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանից։ Ըստ ՀԱԷԿ-ի տնօրենի՝ կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի եւ  «Գազպրոեկտի» մասնագետների մասնակցությամբ իրականացվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի գլխավոր անջատատեղի մանեկապտտչի արդիականացման աշխատանքներ՝ դրա շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով:

Վերանորոգման շրջանակներում կատարվում են մի շարք համալրող մասերի եւ համակարգերի (մասնավորապես՝ էլեկտրական համակարգի բաղադրամասեր, կառավարման համակարգ, հիդրավլիկ համակարգի բաղադրամասեր եւ խողովակաշարեր) փոխարինում, մեխանիզմների լրամշակում (М140 գամասեղների ամբարձիկներ) եւ այլն:

Ի դեպ, այս աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով «Գազպրոեկտ» ընկերությունն այնուհետեւ նախատեսում է անցկացնել մի շարք ստուգումներ, ինչպեսեւ ուսուցման դասընթացներ ՀԱԷԿ-ի համապատասխան անձնակազմի համար: Ինչ վերաբերում է «Գրոսս» ընկերության աշխատանքին։ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի եւ «Գրոսս» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսված են ՀԱԷԿ-ի տեխնիկական աջակցությանն ուղղված մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ 15Д100 դիզել-գեներատորների վերանորոգման, շահագործման, վթարային իրավիճակների եւ պլանային սպասարկման:

Այս պահին «ՀԱԷԿ»-ի կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի մասնագետների եւ ուկրաինացի գործընկերների համատեղ ջանքերով իրականացվում են դիզել-գեներատորների ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Մասնակիորեն փոխարինվել են դիզելների հովացման համակարգի ռետինատեխնիկական պատրաստվածքները: Իրականացվել է  սեղմման ճնշման եւ աշխատանքային ճնշման ստուգում՝ ըստ դիզելների գլանների, եւ արտանետված գազերի ջերմաստիճանների տարբերության կարգավորում՝ ըստ գլանների»: 

--00—ԼՄ