Պատերազմում անհաջողությունների պատճառը 3 տարի հանրությանը մասնատելու քաղաքականությունն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փոփոխությունների սպասելիս

ՄԱՍ 3

Որևէ բարդ ֆորմուլա պետք չէ փնտրել մեր գոյատևության հարուստ տարեգրության մեջ, բավական է նայել քարտեզին և վերջին դարերի ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին: Արցախի հարատևության հիմքերը պետք է փնտրել իր նախնիների հողում ապրելու իրավունքը պաշտպանելու և այն անփոփոխ հաջորդ սերունդներին փոխանցելու նրա ժողովրդի քանդակած նպատակի և հանուն այդ նպատակի ամեն ինչ տալու պատրաստակամության մեջ:

Ամեն ինչ տալու և համազգային խնդիրները ճիշտ հասկանալու վարքագիծը 100 տարի առաջ արցախցի քաջերին տարել է Սարդարապատ, և երբ այսօր նույնիսկ իշխանությամբ օժտված որոշ գործիչներ «սայթաքում» են հայոց բանակի զինվորի կողմից Արցախի սահմանները պաշտպանելու հիմնավորումների հարցում, մնում ես զարմացած մեկ դար առաջ և այսօր ազգային քաղաքական մտքի բացարձակապես անհամեմատելի մակարդակներից:

Ղարաբաղյան վերջին պատերազմում մեր անհաջողությունների գլխավոր պատճառը նախորդ երեք տարիներին հայկական հանրությունը «հետևողականորեն» մասնատելու, տարբեր թիմերի բաժանելու և իրար նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունն է եղել, որի պայմաններում դեռ որևէ ժողովուրդ չի կարողացել հաջողություն գրանցել (դա միայն պատերազմներին չի վերաբերում):

Անվտանգային ու պաշտպանական համակարգերին սիրողական մակարդակով տիրապետելու հետևանքը ռազմի դաշտում կրած անհաջողություններն են, և քանի որ այդ մասին շատ է խոսվել ու խոսվել է գործին տիրապետող մասնագետների, գործիչների կողմից, միայն մեկ օրինակ կբերեմ՝ հասկանալու համար, թե որտեղ է խախտվել մեր Սարդարապատ-Արցախ գիծը:

2016թ. ապրիլի 2-ի օրվա վերջին Ստեփանակերտի հրապարակը լեփ-լեցուն էր Հայաստանից ժամանած Երկրապահների կազմ ու պատրաստ ջոկատներով և հարյուրավոր կամավորականներով:

2020թ. Սեպտեմբերի 28-30-ին այդ ջոկատները դեռ նոր էին զինվում, իսկ մի քանի օր հետո պարզվեց, որ Գերագույն հրամանատար համարվող անձը «փայլուն մարտակոչ» է տարածել. գյուղերում 30 հոգանոց ջոկատներ կազմելու, մեկին հրամանատար ընտրելու մասին և այսպես մինչև… նետ ու աղեղ:

Ժամանակակից պատերազմներում ցանկացած մանրուք կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե այն գտնվում է տեխնոլոգիաներին տիրապետող բանակի ձեռքում, և այստեղ ամեն ինչ գործում է ժամացույցի մեխանիզմի օրինակով: Ցավալի է ու աններելի, որ մենք պարզապես ժամացույց լարողներ չունեցանք»։

 --00—ՄՀ