Խնդիրը ո՛չ պատերազմն էր, ո՛չ էլ պարտությունը, այլ ղեկավարության անկարողություն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը վեցամսյա ճանապարհային քարտեզ առաջարկեց՝ 15 կետից, խոստանալով «աշխատել և հաջողել», իսկ 2021-ի հունիսին հանդես գալ դրա իրագործման «հաշվետվությամբ», որի արդյունքներով որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ։

Իրականում դա հերթական անգամ մարդկանց խաբելու, մոլորեցնելու փորձ էր՝ ժամանակ շահելու և սրված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Այդ կետերից և ոչ մեկը լիարժեք չի իրականացվել, սակայն ամենացավալին 8-րդն է, որը մնացել է թղթի վրա և մեր երկիրը թողել մերկ ու անպաշտպան՝ լկտիացած ոսոխի առաջ։ 8-րդ կետով նա խոստանում էր․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»:

Բարեփոխումներ չէինք ակնկալում, և դուք դրան ի վիճակի էլ չեք, բայց զինված ուժերի վերականգնում, պատերազմից հետո ջլատված բանակի առողջացում, զորամասերի և զորանոցների, սահմանային հսկողության, նոր դիտակետերի ու դիրքերի կառուցում պարտավոր էիք անել։ 6 ամիսն այդ առումով քիչ ժամանակ չէ՝ այդ ընթացքում կարելի էր զրոյից բանակ ստեղծել, եթե մենք գործ չունենայինք իմպոտենտ իշխանության և բանակի ղեկավարության հետ։

Ի վերջո, հասկացանք՝ պատերազմ, պարտություն, զոհեր ու վիրավորներ, բայց դա չի նշանակում, որ 30-40 հազարանոց բանակը՝ իր բոլոր ստորաբաժանումներով, փորձառու հրամանատարներով, թիկունքային ապահովությամբ, կուտակած մասնագիտական հմտություններով ու փորձով, իսպառ բնաջնջվեց, հողին հավասարեցվեց 2 ամսում, և անհնարին է 6 ամսում դրա գոնե մի մասը վերականգնել։ Իրականում խնդիրը ո՛չ պատերազմի մեջ է, ո՛չ էլ պարտության, այլ քաղաքական ու ռազմական ղեկավարության անկարողության, հայրենիքի հանդեպ պատասխանատվության, կամքի բացակայության մեջ, որը բացահայտեց պատերազմը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ