Այս պատերազմն այսպես չպետք է ավարտվեր. սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։

«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս իշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում, բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները», - ասել է Քոչարյանը։

Նա ընդգծել է՝ այս պատերազմն այսպես չպետք է ավարտվեր։

«Սա իմ խորին համոզմունքն է, և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության։ Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում դերակատար լինելու հետ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։

--00--ԿԿ