Վրդովված եմ Հայաստանում տիրող քաոտիկ, ապաշնորհ, «բարդակ» ու բարձիթողի վիճակով․ «Գալա»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

քաղաքական
ԳԱԼԱ-ն զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

Անդրադարձ է կատարվել սահմանների դեմարկացիոն գործընթացին, Սյունիքում, Արցախում տեղի ունեցող զարգացումներին: Տեր-Գրիգորյանցի խոսքերով՝ ուշիուշով և մտահոգված հետևում է հայաստանյան զարգացումներին:

«Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը, գումարած մի քանի հազար արմատական իսլամիստներ Սիրիայից, հարձակվեցին փոքրիկ Արցախի վրա, որտեղ կար ընդամենը 20.000 ԱՀ ՊԲ զինծառայող:

Սա շարունակությունն էր Թուրքիայի ցեղասպանական նկրտումների. շնորհիվ Ռուսաստանի և նախագահ Պուտինի՝ պատերազմը կանգնեցվեց: Իմ կարծիքով, Փաշինյանը ևս կարող էր ավելի շուտ կանգնեցնել, ավելին, գտնում եմ, որ այս պատերազմը կարելի էր կանխել: Բայց ցավոք սրտի, երկու կողմից էլ պրովոկացիոն գործողությունները հանգեցրին արյունալի պատերազմի:

Մի կողմից Ադրբեջանը հնարավորություն չէր ընձեռում հանձնել 7 շրջանները, որովհետև նա մշտապես հոխորտում էր… Մյուս կողմից ոչ ոք չգիտեր՝ ում էր պատրաստվում Ալիևը բնակեցնել այդ 7 շրջաններում: Բոլորը վախենում էին, որ անվտանգության գոտում նա կբնակեցնի ոչ թե իրական փախստականների, այլ իսլամիստ ծայրահեղականների, որոնց այս պատերազմում օգտագործեց»:

Տեր-Գրիգորյանիցի խոսքերով՝ պատերազմական գործողություններին թեև Հայաստանի զինված ուժերը չմասնակցեցին, բայց հայաստանյան ղեկավարությունը ներգրավվեց գործընթացին՝ Արցախի իշխանությունների և ռազմական գործիչների հետ մասնակցելով պրոցեսներին:

«Սա այն պարագայում, երբ ղեկավարումը պետք է հանձնվեր միայն Արցախի ՊԲ գլխավոր հրամանատարությանը, որովհետև պատերազմում էր Արցախի պաշտպանության բանակը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որովհետև եթե Հայաստանը պատերազմ հայտարարեր Ադրբեջանին և զորքերի տեղաշարժ կատարեր, Թուրքիան կհարձակվեր Հայաստանի վրա՝ պաշտպանելու Ադրբեջանին: Այս հարցում կեցցե Փաշինյանը, որ չգնաց այդ քայլին, բայց միևնույն ժամանակ նա ցույց տվեց, որ հայերն էլ են պատերազմում»:

Նորատ Տեր Գրիգորյանցը հիշեցնում է, որ ինչպես արցախյան առաջին պատերազմից հետո ստորագրված հրադադարի մասին հայտարարությունն է Ադրբեջանը տարիներ շարունակ խախտել, այնպես էլ հիմա է խախտելու:

«Այո, այժմ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Միջկառավարական եռակողմ հանձնաժողով է ստեղծված Սյունիքում սահմանների ճշգրտման հարցով: Զարմանալի երևույթ է այն, որ հայկական կողմից նկատվում է անպատասխանատու, անկառավարելի և քաոտիկ վարքագիծ, իմ կարծիքով նաև հանցավոր թողտվության արդյունքում է, որ մեր տարածքների մի մասը հայտնվում է Ադրբեջանի ձեռքերում, և խաղաղապահ ուժերը որևէ քայլ չեն ձեռնարկում: Ուրեմն կա ինչ-որ պայմանավորվածություն, որ որոշ գյուղեր մնում են նրանց կողմում: Սյունիքի մարզում սահմանների ճշգրտման պրոցեսներին պետք է նստեն ու բանակցեն շատ կոմպետենտ մարդիկ, որովհետև այն ագրեսիվ հայտարարությունները, որոնք անում է Ադրբեջանի նախագահը, թե Երևանը ևս իրենցն է, շատ վտանգավոր են: Նրանք հետզհետե պատրաստվում են նոր պատերազմների: Իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որևէ պատժամիջոց չի սահմանում ագրեսոր երկրների նկատմամբ՝ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի: Այ սա շատ վտանգավոր երևույթ է՝ աշխարհի մասշտաբով»:

Տեր-Գրիգորյանցը նկատում է, Սյունիքի գյուղերը կամ ճանապարհներ, որոնց մասով բանակցություններ են վարվում, բացարձակ հայկական են: Գեներալ-լեյտենանտը հարցադրում է՝ ի՞նչ է անում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում հայկական կողմի ներկայացուցիչը:

«Ինչո՞ւ են Սյունիքից տարածքներ հանձնում, ես չեմ հասկանում, և որևէ մեկը չի հասկանում, թե ինչու է այսպես արվում: Բոլորը վրդովվում են, բայց սա արդեն Հայաստանի վարչապետի, երկրի ղեկավարի որոշումն է: Որովհետև նա է ուղարկել փոխվարչապետին՝ բանակցություններին մասնակցելու և նա՛ է հանձնարարականներ տալիս: Իսկ խորհրդարանը անհասկանալի է, թե ինչու, չի վերահսկում գործընթացը: Զարմանալի է Հայաստանը: Պատերազմող երկիրը հանկարծ նախագահականից անցում է կատարում դեպի խորհրդարանական համակարգ: Իսկ խորհրդարանի  դերը բացարձակապես նկատելի չէ:  Խորհրդարանի մասին բացարձակ ոչինչ լսելի չէ:

Ոչ միայն ինձ համար, այլ արտասահմանում գտնվող շատ հայերի համար անհասկանալի է, թե ինչու մեր տարածքները այսպես անպատասխանատու վարքագծով հանձնվում են Ադրբեջանին: Իսկ նրանց էլ այդպիսի բան է պետք… մեկ քայլ ետ ես գնում, նրանք անմիջապես իրենց դրոշն են տեղադրում: Իսկ այս գործընթացի մասնակիցը Հայաստանի փոխվարչապետն է: Սա Հայաստանի և Հայաստանի խորհրդարանի խղճին է: Մենք մեր կարծիքն արտահայտելու ի վիճակի չենք: Ես գիտեմ այդ գյուղերը, քայլել եմ շատ այդ տարածքներով: Հիմա թե ինչու են հանձնում, չեմ հասկանում: Դա Հայաստանի կառավարության որոշումն է՝ Փաշինյանի գլխավորությամբ»:

Հարցադրմանը, թե Հայաստանը պե՞տք է սպասի նոր պատերազմի, հատկապես հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվությունը, տեղի ունեցած զորավարժությունները Կարսում, Տեր-Գրիգորյանցը պատասխանեց.

«Թուրքական ագրեսիայից որևէ մեկը ապահովագրված չէ: Ինչպես միշտ, սկզբում նրանք անցկացնում են ագիտացիոն, տեղեկատվական աշխատանք, հետո սադրանքներ են անում, այնուհետև՝ հարձակվում: Հետո սկսվում են ելույթները՝ սա մերն է, սա էլ…

Բոլորը լռում են, հայերը՝ ժպտում… Իսկ նրանք կրկին պրովոկացիա են անում, նախաձեռնում զորավարժություններ ու էլի սկսում: Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ անցկացրին Նախիջևանում, ամեն ինչ յուրացրին ու հարձակում ձեռնարկեցին Արցախի ուղղությամբ: Իսկ երբ նրանք զորավարժություններ են անցկացնում, Հայաստանի ղեկավարությունը, գլխավոր հրամանատարը պետք է խաղաղ պայմաններից անցում կատարի ռազմական դրության, և կրկին իրականացնեն զորավարժություններ՝ հնարավոր ագրեսիային դիմակայելու համար: Նրանք անցկացնում են զորավարժություն, մենք էլ պետք է անցկացնենք, բայց չգիտես ինչու, մեզ մոտ նման զորավարժանքներ տեղի չեն ունենում: Իսկ երբ չեն անցկացվում նման միջոցառումներ, դա հանգեցնում է «բարդակի»: Երբ զինված ուժերը ղեկավարում էին ոչ պրոֆեսիոնալ անձինք՝ Հայաստանից, գործում էին Արցախի ղեկավարության դեմ, վերջիններս չէին համաձայնվում, դա հանգեցնում էր վիճաբանության… արդյունքում զորքերը չէին կառավարվում: Որոշ տեղերում հակառակորդին ուղղակի պետք էր ոչնչացնել, ուղղակի ոչնչացնել, մինչդեռ նրանց թույլ տրվեց ինչպես զորահանդեսում, հանգիստ տեղաշարժվել՝ թե՛ Զանգելանում, թե՛ Շուշիում»,- նշում է Տեր-Գրիգորյանցը:

Զարգացնելով Հայաստանում ևս նույն ժամանակահատվածում, երբ թշնամի ուժերն են պատրաստվում, զորավարժություն անցկացնելու անհրաժեշտությունը, Տեր-Գրիգորյանցը նշում է, որ այդ դեպքում հայկական կողմը կլինի պատրաստ, և զինված ուժերի համար հակառակորդի գործողությունները անսպասելի չեն լինի:

«Ինչո՞ւ այն ժամանակ, երբ Կարսում զորավարժություններ էին անցկացնում, Հայաստանը չէր նախաձեռնում զորավարժության անցկացում»,- հարցադրում է արցախյան պատերազմի հերոսը՝ մանրամասնելով, որ բոլոր ոլորտներում պետք է իրականացվեն ուսումնավարժանքներ:

Հետպատերազմական իրավիճակին անդրադառնալով՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատում է՝ հայկական ԶԼՄ-ներով միմյանց են քննադատում, մոտեցումն անլուրջ է երկրում մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական, ներքաղաքական, արտաքին քաղաքական ու դիվանագիտական դաշտում:

«Բայց դուք լռում եք, նստել և ժպտում եք… Իսկ որ նրանք կարող են հարձակվել… նրանցից ամեն ինչ սպասելի է: Որովհետև նրանք տեսան՝ հարձակվեցին Արցախի վրա, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որևէ քայլ չձեռնարկեց: Հիմա կասեն՝ երկրորդ անգամ էլ հարձակվենք, առավել ևս, երբ Ալիևը բղավում է, որ Երևանն էլ է իրենը: Ձեր արտգործնախարարությունը ապաշնորհ է, բացարձակ գոյություն չունի: Իմ կարծիքով չկա դիվանագիտություն և դիվանագիտական աշխատանք: Զրո, մինուս… Ինչո՞ւ այս հարցերը չեն բարձրաձայնվում Ալիևի հայտարարությունների մասով, չէ՞ որ սա մեծագույն բացթողում է…

Ես վրդովված եմ Հայաստանում տիրող քաոտիկ, ապաշնորհ, «բարդակ» ու բարձիթողի վիճակով»:

--0--ԿԿ