Փուլային տարբերակով այսպես ասած, խաղաղ ճանապարհով մեր թիկունքում թշնամուն են դնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

նորատտեր-գրիգորյանց

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, այսպես կոչված փուլային տարբերակը վտանգավոր է և անընդունելի Ղարաբաղի ժողովրդի համար:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներին:
«Դա վտանգավոր, սխալ համակարգ է: Իմ կարծիքը՝ որպես ռազմական գործչի, սա է: Նրանք պահանջում են, որ Ղարաբաղն իր թիկունքի տակ արմատական տրամադրված մարդկանց ընդունի՝ փախստականների անվան տակ: Այսպես ասած, խաղաղ ճանապարհով մեր թիկունքում թշնամուն են դնում: Թուրքիան Կարս-Ղազախ-Բաքու երկաթգծով արմատական իսլամիստներին կարող է ներդնել Արցախում: Առաջին քայլով պետք է դուրս բերել զորքերը՝ Պաշտպանության բանակը, այդպես եղավ Թուրքիայում, երբ միայն կանայք, երեխաներն ու ծերերը մնացին և մեր նախնիներին կոտորեցին, հիմա Ղարաբաղն են ուզում այդպես անել»,-նշել է գեներալ-լեյտենանտը՝ հիշեցնելով, որ հակառակորդը մշտապես հայտարարում է, որ ագրեսիվ պատերազմով ցանկանում է վերադարձնել Ղարաբաղը:

Տեր-Գրիգորյանցը համոզված է՝ Հայաստանի շահերից չեն բխում նաև Մադրիդյան սկզբունքները: Ըստ Նորատ Տեր-Գրիգորյանցի, բանակցություններ պետք է վարվեն Ռուսաստանի հետ՝ որպես ՌԽՍՀ-ի իրավահաջորդի, որը 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը հանձնեց ադրբեջանական ԽՍՀ-ին եւ կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, որը պետք է չեղարկել:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ ԵԱՀԿ-ում պատմություն լավ չգիտեն, իրականում այն , ինչ առաջարկվում է փուլային տարբերակով, Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական տակտիկան է:

Նորատ Տեր-Գրիգորյանցը վտանգավոր է համարել նաև այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներսում, մասնավորապես, բանակի գեներալների ու Արցախի հերոսների շուրջ: «Դա տրոհում է բանակը, որը մենք ստեղծել ենք: Ես իմ ընկերների հետ բանակն ստեղծել եմ ձեր ու ձեր ընտանիքի պաշտպանության համար»,-եզրափակել է Նորատ Տեր-Գրիգորյանցը: