Ռուսաստանի դեսպանն ակտիվացել է. այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News  

ՌԴ դեսպան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ակտիվացել է: Նա մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ, այլ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Իհարկե, առաջին հայացքից նորմալ է, որ մեզ համար դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրի դեսպանը հանդիպում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, եւ, առավել եւս, երբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, քննարկումների թիվ մեկ թեման եղել է Ադրբեջանում առկա հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի հանդիպումներով եւ նման օրակարգով փորձում է ցույց տալ եւ ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հենց իրենք ունեն որոշիչ նշանակություն, եւ, առանց Ռուսաստանի Դաշնության դերակատարման, ոչ մի հարց չի կարող լուծվել տարածաշրջանում, առավել եւս՝ հայ ռազմագերիների վերադարձը:

Սակայն հետաքրքիր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է թերեւս ակտիվ, սա է միակ կառույցը, որ մանդատ ունի լուծելու ղարաբաղյան հակամարտության հարցը: Իսկ ի՞նչ հանդիպումներ են ունեցել մյուս դեսպանները, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել:

«ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, թե ինչ հրապարակային հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դեսպանները։ Հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. սա եռակողմ ֆորմատով եզակի հանդիպումներից մեկն էր: Նույն օրը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Եվս մեկ հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ էլ ունեցել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ բոլոր հանդիպումները եղել էին վերջին մեկ շաբաթում, սակայն մինչ այդ էլ Սերգեյ Կոպիրկինն ամենաակտիվներից էր եղել, եւ անգամ կան մարդիկ, ում հետ նա այս ընթացքում արդեն երկու անգամ է հանդիպել. նրանց թվում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ընդ որում, ՌԴ դեսպանն ակտիվ էր նաեւ պատերազմից հետո, իսկ մյուս դեսպաններն ակտիվացան միայն այս տարի: Այսպիսով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասի տարածաշրջանում ակնհայտորեն ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը, եւ դեսպաններից ամենաակտիվն այդ հարցով հենց Կոպիրկինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ