ԼՂ-ում հրադադարի խախտման մեկ դեպք է եղել. հուսով եմ`այն միակը կլինի. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1.jpg

Լեռնային Ղարաբաղում մարդիկ չեն զոհվում. սա է առաջնայինը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կյանքի ու առողջության պահպանումն ամենակարևոր խնդիրն է, որ մենք լուծել ենք եռակողմ համաձայնագրով: Հաշվի առնելով որ ԶՈւ-երը կանգնել են այն դիրքերում, որտեղ եղել են, որոշակի ենթակառուցվածքային բնույթի խնդիրներ են ի հայտ եկել, ընդ որում` թե հայկական, թե ադրբեջանական կողմերի համար, բայց այս հարցերը պետք է հանգիստ լուծել` բանակցությունների ընթացքում»,- ասել է նա:

Պուտինը նշել է՝ եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հիմքերն ու հնարավորությունները, քանի որ նշված է` հրադադարից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորումը: 

Անդրադառնալով օրեր առաջ ԼՂ-ում հրադադարի խախտման դեպքին՝ ՌԴ նախագահը նշել է.

«Հրադադարի խախտման մեկ դեպք է եղել, հուսով եմ, որ դա եզակի դեպք կլինի, պայմանավորվածության հասած կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, կարևոր չէ` ում շնորհիվ, կարևոր է, որ գործընթաց սկսվի»:

Պուտինը հույս է հայտնել, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն, կսկսեն օգնել մարդկանց, քանի որ առայժմ միայն ՌԴ-ն է դրանով զբաղվում, հումանիտար օգնություն ուղարկում: ՌԴ նախագահը հուսով է՝ դրանով կզբաղվեն նաև ՅՈւՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը:

Հարցին` հնարավո՞ր է ռուս խաղաղապահների թվի ավելացում, Պուտինը դրական է պատասխանել: Նա նման որոշումը չի բացառել, բայց միայն բոլոր կողմերի, այդ թվում` ադրբեջանական կողմի հետ համաձայնեցման պարագայում:

«Դա զուտ տեխնիկական հարց է, եթե բոլորը հանգեն այն տեսակետին, որ անհրաժեշտ է, մենք կանենք»,- նշել է նա:

--00--ԱԹ