Ռուս-թուրքական կենտրոնը ԼՂ նախկին հակամարտության տարածքում չի լինի. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԼՂ հարցով ստեղծվելիք ռուս-թուրքական վերահսկման կենտրոնին: Նա ընդգծեց՝ թուրք դիտորդների շարժունության սահմանները այն աշխարհագրական կոորդինատներով են սահմանափակվում, որոնք կորոշվեն ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման համար:

Լավրովը շեշտեց՝ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու: 

ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ երեկ հուշագիր է ստորագրվել Պաշտպանության նախարարների մակարդակով, կենտրոնը կաշխատի բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը:

«Ես կարդացել եմ հայտարարությունները, թե պետք է ռուսներն ու թուրքերը նույն հիմքերով աշխատեն, նշեմ՝ խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որ տեղում, առանց արտագնա առաքելությունների, կաշխատի: Կենտրոնում, ինչ խոսք, միատեսակ աշխատանք է լինելու, սակայն որևէ թուրք խաղաղապահ չի մեկնելու ԼՂ, այդ մասին ասված է նույն հայտարարության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ երեք առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները երբեմն խեղաթյուրված են ներկայացնում նաև իրենց մոտ՝ ՌԴ-ում:

--00--ԱԹ