Ոստիկանության ծառայողները 11 փաթեթ մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչներից մեկն իր աշխատավայրում ապօրինի թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 1-ին խուզարկվեց 44-ամյա տղամարդու աշխատասենյակը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու առգրավեցին չորացված-մանրացված, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 11 փաթեթ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։

Կասկածվողի հայտնածով՝ դրանք իրենն են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱԹ