Դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

դավիթգրիգորյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Դրանից հետո, սակայն, նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով պաշտոնեական կեղծիք կատարելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Նշենք, որ նրա լիազորությունները այժմ ժամանակավորապես կասեցված են։