16-ամյա տղան դիտավորությամբ, դանակով հարվածել է 35-ամյա տղամարդուն. քրգործը դատարանում է 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական  բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:50-ի սահմանում, Ալավերդի քաղաքի զբոսայգում, 16-ամյա տղան, իր դրսևորած վարքագծի համար դիտողություն ստանալով  35-ամյա համաքաղաքացուց,  վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: