Փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը հանվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը:

Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ:

«Ելնելով վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ հայտնում ենք, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber)»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից: