«Աէրոֆլոտ»-ը բացատրել է դեպի արտասահման տոմսերի վաճառքի կասեցման պատճառը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

a

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մինչև հուլիսի վերջ կասեցրել է միջազգային չվերթների համար տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնել է ավիաընկերության մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան: Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ չվերթներ փաստացի չեն լինելու։

«Սա տեխնիկական որոշում է, այն չի նշանակում չվերթների փաստացի վերացում։ Մենք ընդունել ենք այն, որպեսզի լրացուցիչ չծանրաբեռնենք մեր կոնտակտ-կենտրոններն ու վաճառքի գրասենյակները»:

Սպիվակովայի խոսքով՝ վաճառքը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ օդային միջազգային հաղորդակցության վերսկսումը չի կայունանա:

«Ցանկանում ենք նշել, որ այս որոշման մեջ չպետք է փնտրել կանխատեսումներ՝ միջազգային թռիչքների վերսկսման համար», - հավելել է Սպիվակովան:

Նշենք, որ ապրիլի 16-ի գիշերը «Աերոֆլոտի» կայքում արդեն չկար հնարավորություն գնել միջազգային չվերթների տոմսեր մինչև հուլիսի 31-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցրել է միջազգային ավիափոխադրումները՝ թույլատրելով միայն իրականացնել չարտերային չվերթներ ՌԴ քաղաքացիների վերադարձի համար։ Մինչև ապրիլի վերջ երկրում կշարունակվի ոչ աշխատանքային ռեժիմը, որը սկսել է գործել կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված: