Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում բուք է․ Վարդենյաց լեռնանցքը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Վարդենյաց լեռնանցք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս-Սևաբերդ-Կապուտան ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան,  քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։