20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը վարչապետի հետ իր զրույցների մասին չի պատմի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Վանեցյան

20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր անձնական և աշխատանքային զրույցների մասին վարչապետի հետ։ Այս մասին տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե եղե՞լ են անօրինական հանձնարարականներ Վանեցյանը պատասխանել է․ 

«Վարչապետը բազմիցս հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի…

Կռավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները…  Հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում… ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է… ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 սուտկա նստեցնում էին: Թող մի հատ օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում կամ դաստիարակչական նկատառումներ՝ կստանա 15 սուտկա: Գոնե  կասենք՝ օրենք են ընդունել, մի բան են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում-հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ:

Շատ կարևոր մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որ դեմ է հեղափոխությանը: Դուք հավատում եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե  ո՛չ:

Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները»,- մեջբերել է 168.am-ը։