Հանցագործ աշխարհում հայտնի Հունաստանցի Կարենին սպանողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

հանցագործ

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանության մեջ կասկածվող քաղաքացու նկատմամբ։ Վերջինս Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Վանո Թումանյանն է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ավելի աղբյուրը հայտնել էր, որ մարտի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։

Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դատավոր Գոռ Շահբազյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել էին։

Աղբյուրը նշում է, որ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերել էին նաև հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ, ռազմամթերք։

Ըստ աղբյուրի՝ 2010-ին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։