Կյաժ Աշոտին սպանելու կասկածով հետախուզվում են Վամպիրը, Թալինը, Կոկոն, Քրմոն, Կամուլիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

դեպք

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերի (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում են 24-ամյա Դավիթ Թադևոսյանը («Վամպիր» մականվամբ), 31-ամյա Տիգրան Հակոբյանը («Թալին» մականվամբ), 30-ամյա Կոնստանտին Հունանյանը՝ («Կոկո» մականվամբ), 30-ամյա Սամվել Քրմոյանը («Քրմո» մականվամբ), 24-ամյա Կամո Խաչատրյանը («Կամուլիկ» մականվամբ) և 22-ամյա Համլետ Թորոսյանը («Համուլիկ» մականվամբ)։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վերջիններս հետախուզվում են հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 9-ին Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանները պարզել էին՝ Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։ Մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ, «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, որը Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։

Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել էր Ա. Պետրոսյանի ուղղությամբ, որը  «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք համարվող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Վիճաբանության մասնակիցներից Ա. Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, և նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։ Իսկ կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված և ազատ է արձակվել համաներմամբ, որն իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ։

դեպք

--00--ԼՄ