ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը ՍԴ նախագահին առաջարկել է Երևանում կազմակերպել միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

օօ

2024 թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է ՀՀ Բարձր դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը, որոնք համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին։

Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակներում Սահմանադրական դատարանը մշտապես հանդիսանում է Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկեր։ Կլաուս Նոյկիրխն առաջարկել է ի թիվս Հայաստան-ԵԽ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրով արդարադատության ոլորտին ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվելիք համատեղ աշխատանքների՝ 2024 թվականի հուլիս ամսին, Երևանում, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ կազմակերպել նաև միջազգային գիտաժողով։

Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ Բարձր դատարանը ողջունում է Երևանում միջազգային գիտաժողովի կազմակերպման առաջարկը և իր կողմից կներդնի բոլոր ջանքերը՝ այն հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ համագործակցությանը, սահմանադրական արդարադատության արդյունավետության բարձրացմանը, Սահմանադրական դատարանի գործունեության հրապարակայնության խթանմանը վերաբերող մի շարք հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը մշակել աշխատանքային հանդիպումների ընթացքում ձևավորվելիք աշխատանքային խմբերի ձևաչափով:

 --00—ԼՀ