ԵԽ պատգամավորը կոչ է անում դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ու

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին ողջունելի է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և հանդիպումները, սակայն կարծում է, որ չպետք է մոռանալ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։

«Ողջունելի են բանակցությունները, խաղաղության համար հանդիպումները, երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը վկայակոչում են միջազգային հանրությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատկի իր ուղերձում։ Բայց մենք չենք կարող և չպետք է մոռանանք կամ ձևացնենք, թե չենք հիշում քրիստոնյա ժողովրդի ողբերգական ջնջումը Լեռնային Ղարաբաղից, որն արմատախիլ է արվել մի հողից, որտեղ ապրում է չորս հազար տարի: Այժմ, երբ ուշադրությունը պատերազմի այս օջախի վրա է նորից, հայ ժողովրդի դեմ ագրեսիան չի կարելի և չպետք է թերագնահատել կամ օրակարգից հանել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինստագրամ»-ի իր էջում գրել է ԵԽ պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անդամ (քրիստոնյա դեմոկրատներ) Մասիմիլիանո Սալինին։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցներն այսօր նոր հնարավորություն ունեն հաղթահարելու անգործությունը և բարձրացնելու իրենց ձայնը։

«Գործելու և ոչ թե պարզապես դիտարկելու հնարավորություն: Անհրաժեշտ է համարձակություն, ինչին կոչ եմ արել վերջին ամիսներին՝ ԵԺԿ աջակցությամբ՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության դիտարկում: Եվրոպան հավատ չի ներշնչում, եթե շարունակում է քարոզել ընդլայնման ձևեր, իսկ հետո չի կարողանում պաշտպանել մի ժողովրդի պատմությունն ու ապագան, որն այսօր ներկայացնում է նաև եվրոպական մշակույթը:

Լեռնային Ղարաբաղից հետո է՞լ ինչ կարող է տեղի ունենալ եվրոպական սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Բանակցությունը, ցանկացած բանակցություն, պետք է հիմքեր դնի տուժող կողմի իրավունքների և իրավասությունների հարգման համար և ոչ թե դրանց զիջման:

Ֆրանցիսկոս պապը խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, որպեսզի նրանք կարողանան «շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել տարբեր կրոնների պաշտամունքի վայրերը»։

Բախվելով Լեռնային Ղարաբաղի ողբերգությանը, որտեղ մենք ականատես ենք եղել մարդկանց, եկեղեցիների և քրիստոնեական խորհրդանիշների վրա հարձակման՝ կործանելու նպատակով, անմարդկային վայրագությամբ իրականացված գործողությունների նրանց կողմից, ովքեր ցանկանում են բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ, դիվանագիտության համար տեղ չի մնում, որը ձևացնում է, թե տեղյակ չէ կամ գործում է երկչոտ: Եվրոպան կարող է և պարտավոր է իր ձայնը լսելի դարձնել»,-ընդգծել է Սալինին։

--00—ԼՀ