Մի շարք ձկնաբուծարաններում ինֆեկցիոն հիվանդություններ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ձկ.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է ՀՀ վարչապետի՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանձնարարականի հիման վրա անցկացված անասնահմաճարակային մշտադիտարկման արդյունքները:

Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 85 ձկնաբուծարաններում (Արարատի՝ 60, Արմավիրի՝ 12, Արագածոտնի՝ 1, Գեղարքունիքի՝ 5, Կոտայքի՝ 4, Շիրակի 2 և Վայոց Ձորի 1) իրականացված միջոցառումները բացահայտել են հետևյալ պատկերը.

ձկնաբուծական տնտեսություններում կիրառվող բոլոր՝ թե ներմուծված և թե տեղական արտադրության տարբեր հասակային խմբերի համար նախատեսված կերերը ունեցել են համապատասխանության սերտիֆիկատներ, եղել են մակնշված:

փորձաքննությունների անցկացման նպատակով՝ իրականացվել է ձկան նմուշառում, որի արդյունքներով հայտնաբերվել են խախտումներ և անհամապատասխանություններ:

Այսպես՝

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Մանրէաբանական ցուցանիշներ

«Պլանետա ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում հայտնաբերվել է ԱՑԽՄ և ախտածին ա/թ սալմոնելաներ, «Էլմար» ՍՊԸ-ի և «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):

Ինֆեկցիոն հիվանդություն

Ա/Ձ Աննա Ասատրյան, Ա/Ձ Մարտին Եվրեյան, Ա/Ձ Նորայր Բարսեղյան, «Ալեքս ֆիշ» ՍՊԸ, «Պլանետա ֆիշ» ՍՊԸ, «Բլեք դայմոնդ» ՍՊԸ, «Էլմար» ՍՊԸ, «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ, «Սպիտակ դելֆին» ՍՊԸ, «Հովհերմ» ՍՊԸ, «Բիգամա ֆրութ ՀՌ ՀՁ» ՍՊԸ, «Էկո ֆիշ» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսություններից վերցված նմուշներում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae, հարուցիչներ։

Մակաբուծային հիվանդություն

«Հովհերմ» ՍՊԸ ձկնաբուծարանից վերցված նմուշում հայտնաբերվել է դիպլոստոմոզ, իսկ «Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ի նմուշներում՝ իխտիոթիրոզ։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մանրէաբանական ցուցանիշներ
«Հայր եվ որդի Բունիաթյաններ» և «Իշխանալիճ» ՍՊԸ-ներ-ից վերցված ձկան նմուշներում հայտնաբերվել է՝ ԱՑԽՄ։

Այլ տնտեսություններում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հայտնաբերված հիվանդությունների և շեղումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին Տեսչական մարմնի տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, խորհուրդներ՝ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև պարբերաբար ախտահանություններ իրականացնելու ուղղությամբ։

--00--ԼՀ