Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել. վնասը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դատ.

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն, հանդիսանալով «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում, առանց հատուկ թույլտվության և առանց լիցենզիայի, վերոնշյալ ժամանակահատվածում, հատուկ տեսակի տեխնիկայի օգտագործմամբ, Ս.Մ.-ի, Լ.Պ.-ի և Զ.Ս.-ի օժանդակությամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 350 խմ ծավալով օգտակար հանածո՝ ավազ: Ա.Ա.-ն արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 3 մլն 150 հազար դրամով իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը չվճարելով 5 մլն դրամը գերազանցող պետական տուրքերը:

 Վերոնշյալ արարքների արդյունքում՝ պետությանը նախնական հաշվարկով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ մոտ 5 մլն 500 հազար դրամի չափով:

 2023 թվականի դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ 5 մլն 500 հազար դրամ վնասը:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԼՀ