ԿԳՄՍՆ-ն ու ՀԱՕԿ-ը միասին են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՀՀ_ԿԳՄՍ_նախարարի_տեղակալ_Կարեն_Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ աշխատանքների միջոցով նախապատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերին:

«Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ մենք համագործակցում ենք ՀԱՕԿ-ի հետ: Միասին պետք է գնանք դեպի Փարիզ-2024: Մեր միջին թիմը, որով մասնակցել ենք Օլիմպիական խաղերին, կազմվել է մոտ 20-25 մարզիկից: Կարծում եմ այդ թվի շուրջ էլ այս տարվա հավաքականը կկազմվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինիս հույս հայտնեց, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ոչ թե մեկ, այլ մի քանի օլիմպիական չեմպիոն:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի ափին: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024):

--00—ՅՄ