Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1125348

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցեց «Զրո միջուկային էներգիա» խորագրով քննարկմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահն անդրադարձավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանին՝ նշելով, որ ատոմակայանի դերը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։

«Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը»,- նշեց Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը հիշեց, որ 90-ականների սկզբներին, երբ ինքը Երևանի քաղաքապետն էր, Հայաստանում մարդիկ ապրում էին առանց գազի և էլեկտրաէներգիայի, սակայն մարդկանց կյանքն էապես փոխվել է այն բանից հետո, երբ վերագործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը: Նրա խոսքով՝ դա նպաստել է երկրի տնտեսական աճին և մարդկանց կենսակերպի բարելավմանը։

Հիշեցնելով, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը և պլանավորվում է երկարաձգել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանն արդեն մտածում է նոր ատոմակայան կառուցելու մասին․ այդ հարցով քննարկումներ են անցկացվում ԱՄՆ-ի, Կորեայի, Ռուսաստանի մասնագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչ հզորության ատոմակայան է ի վերջո կառուցվելու։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ