Տիգրանն ազատ արձակվեց, երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

timthumb

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի: Երեք օր ծնողներից խնամքով թաքցրել էի, որ 18-ամյա Տիգրանը հնարավոր է՝ երկուշաբթի օրն ազատվի կալանքից: Բանն այն էր, որ երկար ու համառ պայքարիցս հետո, եկել էր ժամանակը, որ դատախազը պիտի ուղղեր իր 1,5 ամիս տևող սխալը (հետևանքը՝ 1,5 ամիս կալանք) և Տիգրանի կողմից սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում կատարված գործողությունները դադարեր բռնության դրսևորումներ գնահատելը, քանի որ շիշ նետելը (այն էլ 1 հատ անհայտ ուղղությամբ) չի կարող բռնություն համարվել:

Ուրբաթ օրն արդեն տեղեկացա, որ երկուշաբթի օրը Տիգրանի մեղադրանքը պետք է փոխվի: Ես ակնկալում էի, որ ընդհանրապես կդադարեցվի քրեական հետապնդումը, սակայն դատախազը որոշեց շուտ չհանձնվել և խուլիգանության հոդվածը վերագրեց։

Այս ամենը, ինչպես արդեն ասեցի, ծնողներին չէի հայտնել, քանի որ չէի ուզում հույս արթնացնել, որը հնարավոր էր՝ իրավական «բեսպրեդելի» պատճառով չիրականանար, և կրկնակի սթրես ունենային նրանք:

Երկուշաբթի օրը, երբ ծանոթացա Տիգրանի մեղադրանքին, արդեն պարզ դարձավ, որ նա այլևս չի կարող կալանքի տակ մնալ: Սակայն, այդ կարևոր հանգամանքը ո՛չ նախաքննության մարմինը և ո՛չ էլ դատախազությունը, փաստորեն, չէին նկատել:

Երկար մասնագիտական «կռիվներից» հետո, վերջապես, հսկող դատախազն իր որոշմամբ Տիգրանին ազատ արձակեց: Իսկ իմ ամենասիրելի պահն այն էր, որ ես ու Տիգրանը մտանք իրենց տուն և անակնկալ մատուցեցինք ծնողներին (վայելեցի նրանց ուրախությունն ու հուզմունքը): Մինչ այդ պահը, նրանք չգիտեին, որ իրենց 18-ամյա որդին ազատ է արձակվել»:

--00—ՅՄ