Սամվել Բաբայանն Արցախում պատուհաս է եղել, նա միայն պառակտել է հասարակությանը. Արցախի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Արցախում մնացած միակ պետական պաշտոնյան Սարգիս Գալստյանն է, նա զբաղված է մի քանի տասնյակ հայերին օգնելով։ Վեց լեզվի է տիրապետում, այդ թվում՝ ադրբեջաներենի, նա կարողանում է շփում իրականացնել Արցախում մնացած երկու տասնյակ մարդկանց համար, մեծ աշխատանք է իրականացվում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Պատգամավորի խոսքով, Սարգիս Գալստյանին մեղադրողները քաղաքական պատվեր են կատարում՝ ջուր լցնելով թուրք-ադրբեջանական ջրաղացին։ Գալստյանը նշեց, որ կապի մեջ է իր ընտանիքի հետ, երեխաները, թոռնիկները այստեղ են, Սարգիս Գալստյանը կնոջ հետ Արցախում է։ Ինչ վերաբերում է Արցախ վերդառնալուն, Գալստյանը նշեց, որ հիմա վերադարձը վտանգավոր է, նշելով, որ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը զսպօղակ չկարողացան հանդիսանալ Ադրբեջանի համար։ Անդրադառնալով Արցախի էջը փակ լինելուն՝ պատգամավորը նկատեց, որ նա, ով փորձի Արցախի էջը փակված համարել, պատմության մեջ մնալու է որպես դավաճան։

«Իշխանությունը ժամանակավոր է, ոչ մի իշխանություն չի կարող Արցախի էջը փակել, դա հայ ազգի պայքարն է։ Ամենօրյա աշխատանքով պետք է լուծել խնդիրները, Արցախն ունի կառավարություն, խորհրդարան, նրանք պետք է գործեն և միջազգային հանրությանը ներկայացնեն՝ խոսելով ինքնորոշան իրավունքի իրացման մասին»։ Անդրադառնալով սեպտեմբերի 19-ի պատերազմին՝ պատգամավորը նշեց, որ Արցախը, 10 ամիս բլոկադայի մեջ մնալով, հյուծված էր, սննդի, կոմունիկացիաների խնդիր կար։ Նրա խոսքով, հրադադարից հետո ադրբեջանցիները մայրաքաղաք Ստեփանակերտի մատույցներում էին, պատրաստ էին զինված մտնել Ստեփանակերտ, զորքերը Մարտունու, Մարտակերտի մոտ էին, ժողովուրդը եղել է ուղիղ սպառնալիքի տակ։

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարություններին, որ ինքը կարող էր խնդիրը լուծեր, եթե իրեն հնարավորություն տրվեր, պատգամավորը նկատեց, որ Բաբայանը կողմ է եղել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա և Արցախում ընտրություն անցկացվի։ «Երբ Բաբայանը հայտնվում է, Արցախի գլխին պատուհաս է գալիս, 2019-2020-ին հայտնվեց, ունեցանք 44-օրա պատերազմ, բլոկադայի օրերին Արցախում հայտնվեց, պատուհասի առջև կանգնեցինք, հայաթափվեց․ դատախազությունը սա պետք է քննի ու պարզի, թե ինչի է, երբ նա հայտնվում է, մի պատուհաս գալիս է մեր երկրի գլխին։ Միախմբում և Սամվել Բաբայան անունները համահունչ չեն, նա 2019 թվականից զբաղված է եղել հասարակությանը պառակտելով, ի՞նչ համախմբման մասին է խոսքը»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ